«Մենք ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին». «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ից սկսում է «ռեժիմին վերացնելու» գործընթացը

«Չունենք այլ ճանապարհ, քան միասնական պայքարն է»,- այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող պայքարի մասին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց ծրագիրը:

Հիշեցնենք, որ ճակատի քաղխորհրդի կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանն ու Պետրոս Մակեյանը: Հիշեցնենք նաև, որ երբ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամները հայտարարեցին իրենց շտաբի ստեղծման մասին, հստակեցրեցին, որ իրենք պատրաստվում են մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանափոխություն իրականացնել ու այդպիսով նաև տապալել բարեփոխումների հանրաքվեն, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Նրանք հայտարարեցին, որ ուրախ կլինեն, որ իրենց միանան Նիկոլ Փաշինյանը, Հայ ժողովրդական կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը, իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախընտրել էր մնալ դիտորդի կարգավիճակում: Ի դեպ, այսօր «Նոր Հայաստանի» հրավիրած հանդիպմանը ներկա էին նաև ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը և ՀԺԿ-ից՝ Ստեփան Մինասյանը, ինչպես նաև՝ ԱԻՄ առաջնորդը:

Խոսելով այն մասին, թե ինչպես պետք է կառավարել երկիրն իշխանափոխությունից հետո մինչև արտահերթ ընտրություններ, Ա. Մարտիրոսյանը նշեց, թե երկիրն ունի անվտանգության խնդիր, ունի սոցիալ-տնտեսական բարդագույն խնդիրներ. «Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետ նշանակեցին, դե, ոչ մի անելու բան չունի մարդը, մի բանով պետք է զբաղվի, չէ՞»:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ է լինելու ժողովրդի վստահության կառավարություն, որը երկու ֆունկցիա է ունենալու. «Մինչև արտահերթ ընտրությունները պետք է կարողանա երկիրը պահել կայուն վիճակում, և նոր արտահերթ ընտրությունների նախապատրաստումը»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն էլ հույս հայտնեց, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը կմիանան իրենց: Խոսելով այն մասին, թե ինչպես են նախատեսում հասնել «ռեժիմի վերացմանը», Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ միայն ժողովրդի ընդվզման միջոցով:

«Հայտարարում եմ՝ մեր կողմից որոշված թվականը դեկտեմբերի 1-ն է: Մենք հրավիրում ենք մեր ժողովրդին ոչ թե այնպես, որ հերթական անգամ հավաքվենք Ազատության հրապարակում ու տուն գնանք: Պետք է լինի ճնշումը, որը բնույթով խաղաղ է լինելու, մենք ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին՝ նահանջելու: Ռեժիմը, նահանջելուց բացի, ուրիշ այլընտրանք չունի: Նա ունի նահանջելու երկու տարբերակ՝ խաղաղ և ոչ խաղաղ միջոցով: Երբ մենք ճնշում ենք խաղաղ միջոցով, բայց նրանք խաղաղ պայքարի դուրս եկած ժողովրդի նկատմամբ բռնություն գործադրեն, պետք է ստանան համարժեք պատասխան բոլորիս կողմից, առաջինը՝ իմ կողմից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս