Դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն ենք անելու. Ժիրայր Սէֆիլյան
Քիչ առաջ մեկնարկեց «Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողովը: Նախաձեռնության շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել դեկտեմբերի 1-ին: Նա չմանրամասնեց, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխության, սակայն իշխանություններին երկու ճանապարհ հուշեց՝ հեռանալ խաղաղ ճանապարհով, կամ՝ ժողովրդի կողմից բռնությամբ: «Այս անգամ մենք սովորականի նման չենք գնալու Ազատության հրապարակ ու գնանք տուն: Այդ օրն իշխանափոխություն ենք անելու»,- ասաց Ժ. Սէֆիլյանը:
Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ ժամանակավոր կառավարության ստեղծմանը՝ ասելով, որ իշխանափոխությունից հետո օրենքները չեն փոխվելու, նոր ժամանակավոր կառավարությունը գործելու է գործող օրենքներով, սակայն արտահերթ ընտրություններից հետո կփոխվեն նաև օրենքները: Արմեն Մարտիրոսյանը նույնպես չմանրամասնեց, թե ովքեր են լինելու իրենց իսկ մատնանշած ժամանակավոր կառավարության անդամները:
«Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողովին ներկա են ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ-ից Ստեփան Մինասյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: