«Բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական ժամանակների». Արամ Կարապետյան
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք փոխում, ինչու ենք փոխում, արդյո՞ք դրա ժամանակն է: Որպեսզի իմանանք՝ ինչպես անել, պետք է իմանանք, թե ինչ ենք ցանկանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս պառլամենտական կառավարման համակարգը նորություն չէ և թույլ է տալիս ԱԺ-ին լուրջ դերակատարում ունենալ:
«Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը սկզբում նախագահական կառավարում ուներ, կիսանախագահական, և հանրության զգալի մասը դժգոհություններ ուներ նախևառաջ նրանից, որ կոլեգիալ որոշումների հնարավորություններն ավելի քիչ են, սուբյեկտիվ մոտեցումներն ավելի գերազանց են: Այս կառավարման համակարգը նորություն չէ, և աշխարհի շատ երկրներում կիրառվում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին, կուսակցություններին՝ կառավարման ամբողջ համակարգում լուրջ դերակատարում ունենալ և՛ երկրի, և՛ ժողովրդի առջև ծառացած խնդիրների համար, ոչ թե սուբյեկտիվ կողմից որոշումներ ընդունել, այլ քննարկումների և կոլեգիալ որոշումների միջոցով»,- նշեց պատգամավորը:
Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բնորոշմամբ ՝ այս սահմանադրական բարեփոխումներով՝ կունենանք այն, ինչ ունենք հիմա: Այնուամենայնիվ, նա դեմ է Սահմանադրությունը հիմա փոխելուն, քանի որ, ըստ նրա՝ հիմա բոլոր երկրները հստակ կենտրոնացման խնդիր են դնում. «Բացե՛ք Սահմանադրության համապատասխան հոդվածը, նայեք՝ Զինված ուժերի կառավարումն ինչպես է լինելու պատերազմական ժամանակ, ինչպես է լինելու խաղաղ ժամանակ: Զինված ուժերի գլխավոր դեմքը ԶՈՒ գլխավոր հրամանատարն է, որի պաշտոնը խաղաղ ժամանակ պատկանում է Պաշտպանության նախարարին, իսկ պատերազմական ժամանակ՝ վարչապետին: Բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական ժամանակների»: Ա. Կարապետյանը կարծում է՝ արտաքին դաշտում երկիրն ուժեղ է, եթե առաջնային մանդատ ունեցող մարդն է ներկայացնում, այնինչ նոր կառավարումով՝ առաջնային մանդատ ունեցող անհատ չի լինելու: Նա նաև հայտարարեց, որ հավատում է, որ Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու: