Բաժիններ՝

«Ես վախենալու պատճառ չունեմ». Եվգենի Պլյուշչենկո

Նա ընդամենը 4 տարեկան էր, երբ մայրը նրան տարավ Վոլգոգրադի գեղասահքի դպրոց: Նրա առաջին ուսուցիչը Տատյանա Սկալան էր: Տարիներ անց, սակայն, փակվում է տեղի գեղասահքի դպրոցը, և 11 տարեկան հասակում նա ստիպված է լինում առանց ծնողների մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ շարունակելու համար գեղասահքի ուսումը:

Այդ տարիներին նրա մարզիչն է դառնում գեղասահքի ասպարեզում մեծ համբավ և հեղինակություն վայելող Ալեքսեյ Միշինը, որն այնքան է վստահ լինում պատանի գեղասահորդի ընդունակությունների և տաղանդի մեջ, որ շուրջ 3 տարի անձամբ է վճարում իր սանի՝ ապագա Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի վարձակալած բնակարանի գումարը: Օլիմպիական երկակի չեմպիոն, Աշխարհի եռակի չեմպիոն, բոլոր հնարավոր և անհնար մեդալների կրող, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի այսօր կայացած ասուլիսը նվիրված էր նոյեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» շոու-ծրագրին:

«Ես սիրում եմ լինել առաջինը: Ես սիրում եմ 1 թիվը: Շատերն ինձ ասում են, որ պետք է կանգ առնեմ, թոշակի գնամ՝ որպես սպորտսմեն, զբաղվեմ այլ աշխատանքով: Կարճ ասած՝ խորհուրդ են տալիս հանգստանալ այս ամենից և վայելել կյանքը: Բայց ես սիրում եմ իմ գործը»,- ասաց Եվգենի Պլյուշչենկոն:

Հանդիպման ընթացքում Ե.Պլյուշչենկոն պատմեց նաև «Սառցե թագավորը» նախագծի մասին, որով նա հանդես է գալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Կարդացեք նաև

A press conference dedicated to an ice show

«Ես և կինս՝ Յանա Ռուդկովսկայան, ինչպես նաև՝ մի քանի գործընկեր, ստեղծել ենք, կարելի է ասել, մի հեքիաթային նախագիծ, որ կոչվում է «Սառցե թագավորը»: Դե, քանի որ «Սառցե թագուհի» լինել չեմ կարող, այդ իսկ պատճառով Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մեր տարբերակն ենք ստեղծել: Այդ նախագծի մեջ ներդրել ենք ավելի քան 4 մլն դոլար: Դա մեր գումարն է, մենք չենք էլ փորձել հովանավորներ գտնել: Շուրջ 200 մարդ է աշխատել այդ նախագծի շուրջ: Այդ նախագծում ևս անվանի սպորտսմեններ են մասնակցում: Հատուկ այդ նախագծի համար երաժշտություն է գրվել, որը կատարել է Դիմա Բիլանը: Եվ ստացել ենք հրաշալի նախագիծ, որը նպատակ ուներ հետաքրքրելու թե՛ մեծահասակներին, և՛ թե երեխաներին: Անցյալ տարի մենք այդ նախագծով ելույթներ ենք ունեցել Մոսկվայում, Սոչիում: 150.000-ից ավելի տոմս է վաճառվել: Եվ արդեն նոյեմբերի 3-ից Ս. Պետերբուրգում մենք սկսելու ենք «Սառցե Թագավոր-2» նախագիծը»,- պատմում է Պլյուշչենկոն:

Կարողանո՞ւմ է արդյոք, բացի գեղասահքից, այլ աշխատանքով ևս զբաղվել՝ հարցին, նա պատասխանեց. «Առանց այն էլ ընտանիքիս համար շատ քիչ ժամանակ է մնում, այնպես որ՝ այլ աշխատանքով ես չեմ կարող զբաղվել:

A press conference dedicated to an ice show

Այս տարի շատ խիտ է իմ աշխատանքային գրաֆիկը՝ ավելի քան 100 շոուի եմ մասնակցելու: Ապագայում պլանավորում եմ Ռուսաստանում գեղասահքի դպրոց բացել»:

Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում միշտ այդքան մարզական և «թարմ» տեսք ունենալ՝ Ե. Պլյուշչենկոն պատասխանեց. «Պետք է շատ քնել: Իսկ ես այսօր լավ չեմ քնել: Երբ ասուլիսն ավարտենք, գնալու եմ մի ժամ քնեմ: Իսկ առհասարակ պետք է սիրել կյանքը, սպորտը: Սիրում եմ խաղալ գոլֆ, հոկեյ, թենիս, ֆուտբոլ, սիրում եմ ձկնորսությունը… Այն ամենը, ինչ կապված է սպորտի և շարժման հետ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ Պլյուշչենկոյին անվանում են «Ice king»՝ «Սառույցի թագավոր», և հարցին՝ արդյո՞ք չի վախենում «Թագավորը մեռավ, կեցցե նոր թագավորը» արտահայտությունից, նա պատասխանեց. «Գիտեք, այդ ես չեմ ինձ այդպես անվանել: Ինձ այդպես են կոչում Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում: Ես վախենալու պատճառ չունեմ: Եթե կգտնեք ինձանից առավել շատ տիտղոսներ ունեցող սպորտսմենի մեր ասպարեզում, ես Ձեզ համար 4-ական ցատկ կկատարեմ՝ հենց այստեղ: Պարզապես այդ կոչումը պետք է ապացուցել ամեն անգամ՝ սահադաշտ դուրս գալիս: Վախենալու ոչինչ չկա, հակառակը՝ պետք է միշտ ձգտել առաջ գնալ: Եթե պետք է վախենալով ապրես, ավելի լավ է չապրել՝ առհասարակ»:

A press conference dedicated to an ice show

Տարբեր հարցազրույցներում Պլյուշչենկոն հաճախ է նշում, որ սիրում է մեծ ընտանիք և ուզում է շատ երեխաներ ունենալ: «Շուտով իմ ընտանիքում նոր համալրում է սպասվելու: Բացի այդ, ես արդեն 4 երեխա ունեմ: Առաջին ամուսնությունից իմ ավագ որդին՝ Եգորը, արդեն 8 տարեկան է: Նա ապրում է Ս. Պետերբուրգում՝ իր մայրիկի հետ: Իմ փոքրիկ Սաշկան քիչ-քիչ մեծանում է: Բացի այդ, կան նաև Անդրյուշան և Կոլյան, կնոջս՝ Յանայի որդիները՝ առաջին ամուսնությունից: Նրանք ևս իմն են: Այնպես է ստացվել, որ ինձ մոտ միայն որդիներ են»:

Plushenko (3)

Հարցին, թե որքա՞ն գումար է ներդրվել նոյեմբերի 20-ին կայանալիք «Սառույցի թագավորները» շոուի մեջ, և որքա՞ն տոմս է մինչ օրս վաճառվել, Ե. Պլյուշչենկոյի մենեջեր և վաղեմի ընկեր Արի Զաքարյանը պատասխանեց. «Տոմսերի վաճառքով ես չեմ զբաղվում: Իսկ ինչ վերաբերում է առաջին հարցին՝ ասեմ, որ նախագծի մեջ շատ մեծ աշխատանք և մեծ գումարներ են ներդրվել: Այս նախագծի գլխավոր նպատակը կայանում է նրանում, որ մեր հայ հանդիսատեսը հնարավորություն ունենա տեսնելու համաշխարհային մակարդակի գեղասահորդների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս