Ծննդատանը կնոջը կրակելու գործի նախաքննությունը շարունակվում է. երկու ատրճանակներն ապօրինի են պահվել

Ծննդատանն ամուսնու կողմից կնոջը կրակելու, ապա ինքնասպան լինելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, շարժառիթները պարզելու նպատակով առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ քննչական և դատավարական այլ գործողությունների իրականացումը շարունակվում է։

168.am-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Հայկ Վարդանյանը ստացել է 1 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսում: Հարցին՝ արդյոք կնոջ և իր վրա կրակոցներն արձակվել են նո՞ւյն հրազենից, Կոմիտեից պատասխանել են. «Կրակոցները նույն հրազենից արձակված լինելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»:

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «CLOCK, KBA 515, AUSTRIA 9×19» գրառմամբ մեկ ատրճանակ և ևս մեկ ատրճանակ՝ «BROWNINGS PATENT» գրառմամբ, որոնք պահվել են ապօրինի:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 30-ին Հանրապետական հիվանդանոցում տղամարդու կողմից կնոջը հրազենային վնասվածք հասցնելու և ինքնասպան լինելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեսանյութեր

Լրահոս