Մերկելն ու Դավութօղլուն անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային

Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելը Թուրքիա կատարած այցի ժամանակ այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը, այս մասին տեղեկացնում է Գերմանիայի կառավարության կայքը, որը ներկայացնում է հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի սղագրությունը։

«Մենք խոսեցինք 1915 թվականի, ինչպես նաև այդ կապակցությամբ Գերմանիայի Բունդեսթագում առկա դիմումին վերաբերող որոշակի հարցերի շուրջ: Ես նշեցի, որ իրականում այս հարցերը պետք է առանձնահատուկ քննարկվեն ակադեմիական մակարդակով հանձնաժողովի շրջանակում, որի կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված կլինեն նաև գերմանացի պատմաբաններ»,– համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ահմեդ Դավութօղլուն:

Նա նշել է, որ կցանկանար այդ հարցի առնչությամբ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը ներկայացնել։ «Առաջին աշխարհամարտի տարիներին երկու երկրներն էլ նույն կողմում էին, և նրանք պետք է միասին հավաքվեն՝ մյուս պատմաբանների հետ համատեղ, պատմաբանների հանձնաժողովում՝ այս հարցը քննարկելու համար: Այս առումով մենք պատրաստ ենք ցանկացած աջակցության: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ դրանով նաև պատմական հաշտեցում տեղի ունենա Թուրքիայի և հայերի միջև, և մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության»,– ասել է նա:

Իր հերթին Անգելա Մերկելն ասել է, որ Գերմանիան շահագրգռված է Թուրքիայի կայուն զարգացման հարցում: «Թուրքիան շրջապատված է անկայունությամբ: Այդ իսկ պատճառով մենք կցանկանայինք, որպեսզի ընտրություններից հետո քրդերի հետ հաշտեցման հարցին կրկին հնարավորություն տրվի, որովհետև մենք այնքան շատ կոնֆլիկտներ ունենք, և պետք է գործադրվեն բոլոր ջանքերը»,– ասել է նա:

«Այս առումով կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել քննարկումների և Հայաստանի ու Թուրքիայի հարցը ևս մեկ անգամ պատմաբանների հետ քննարկելու առաջարկության համար: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք և ինտենսիվ կշարունակենք մեր աշխատանքը»,– ավելացրել է Գերմանիայի կանցլերը:

Տեսանյութեր

Լրահոս