Թևան Պողոսյանն ու Լևոն Մարտիրոսյանը համաձայն չեն, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ուրախ է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդհանուր հավանության է արժանացել ԵՏՄ-ում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Տ. Սարգսյանի նոր նշանակման մասին՝ Լ. Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ նախկին վարչապետն այդ պաշտոնում լավագույնս կարող է աշխատել: Նա նաև վստահ է, որ մենք լավ թեկնածու ենք ներկայացրել այդ պաշտոնում:

Հարցին, թե Տիգրան Սարգսյանն արևմտամետ հայացքներով էր հայտնի, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանն իր այդ քայլով ուզում է փորձության ենթարկել Տիգրան Սարգսյանին՝ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ Տ. Սարգսյանն արևմտամետ հայացքներ չունի: Լ. Մարտիրոսյանի խոսքով՝ նախկին վարչապետը եվրոպական արժեքների և հայացքների տեր մարդ է, բայց ունի ռուսական կրթություն. «Նա լավ տիրապետում է նաև մեր պոստսովետական տարածքների տնտեսությանը, խնդիրներին»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ Տ. Սարգսյանը պետք է փորձի պաշտպանել մեր երկրի շահերը. «Եթե չի լինելու այդ տեսակի մոտեցում՝ ի՞նչ տարբերություն՝ ով կլինի, երբեմն մարդիկ մոռանում են իրենց հայկական ծագման մասին»:

Թ. Պողոսյանը նույնպես չհամաձայնեց, որ Տ. Սարգսյանն արևմտամետ հայացքներ ունի, քանի որ սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալու որոշումը եղել է Տիգրան Սարգսյանի օրոք:

 

Տեսանյութեր

Լրահոս