Ստամբուլում կկառուցվի Էրդողանի անվան օդանավակայան
Թուրքիայում կայացել է Ստամբուլում երրորդ օդանավակայանի շինարարության կառուցման հետ կապված փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հայտնում է TRT Haber-ը:
Շինարարության ֆինանսավորմանը մասնակցում են բացառապես տեղական բանկերը: Հաղորդվում է, որ թուրքական Ziraat բանկը օդանավակայանի շինարարության համար կհատկացնի 1,54 մլրդ եվրո, Halkbank-ն ու Vakıfbank-ը՝ 1 մլրդ եվրո:
Երրորդ օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018 թվականի սկզբին: Շինարարության մասին համաձայնագիրը նախաստորագրվել էր դեռ 2013 թվականի մայիսին:
Երրորդ օդանավակայանը կկառուցվի Տերկոս լճի շրջանում՝ Ստամբուլի հյուսիսային մասում:
Սկզբնապես, օդանավակայանը կսպասարկի տարեկան 90 մլն ուղևորի: Հետագայում ուղևորների թիվը կարող է հասնել մինչև 150 մլն-ի:
Համարվում է, որ կառուցվելիք օդանավակայանը կդառնա ամենամեծերից մեկն աշխարհում ու կկրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: