Թևան Պողոսյանը ողջունում է ցանկացած հայի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ, այդ թվում՝ նաև Արա Աբրահամյանի
«Պարոն Արա Աբրահամյանը ժամանակ է խնդրել` որոշելու՝ կուսակցությո՞ւն է ստեղծելու, թե՞ ոչ, ես կսպասեմ նրա որոշմանը և հետո կանդրադառնամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մասին, թե պատրաստվում է կուսակցություն հիմնել ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հարցին՝ որքանո՞վ են կոռեկտ Ա. Աբրահամյանի՝ «Պուտինը միշտ ճիշտ է», «ես ռուս եմ», «ես հայ եմ» հայտարարությունները, Լ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «ՌԴ նախագահը մեր բարեկամ երկրի նախագահն է և մեծ ներդրում ունի հայ-ռուսական բարեկամության գործում»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ասաց, որ երազում է՝ այնպիսի երկիր ունենանք, որ աշխարհի ցանկացած հայ կարողանա օրենքի շրջանակներում գալ և կուսակցություն բացել. «Եթե օրենքը թույլ է տալիս, ինչո՞ւ՝ ոչ, ես ողջունում եմ: Աստված տա, որ աշխարհի ցանկացած հայ հասկանա, որ կարող է գալ Հայաստան ու օրենքի շրջանակներում իր երազանքներն իրականացնել»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանում Ա.Աբրահամյանի գաղափարների, նման կուսակցություն հիմնելու կարիքը կա՞, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մենք պետք է հասնենք մի գիտակցության, որ քաղաքական դաշտի բոլոր կարիքները բնակչությունը որոշի, մենք կա՛մ ընտրում ենք՝ ժողովրդավար լինել, կա՛մ ընտրում ենք՝ դատավոր լինել ու որոշել՝ կարիքը կա՞, թե՞ ոչ»: