
Ոստիկանն ամբաստանյալին խնդրել է խոստովանել է իրականում չկատարած հանցագործությունը

Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սեյրան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի պաշտոնատար անձը խնդրել է իրեն խոստովանել իր կողմից իրականում չկատարված գողության դեպքը: Հիշյալ բաժնի պաշտոնատար անձը խոստացել է իրեն օժանդակել քրեական գործի կարճման կամ տուգանքի նշանակման դեպքում այն վճարելու հարցում, և ինքը վստահելով նրան՝ ստորագրել է հանցագործությունն, իբր, իր կողմից կատարելու վերաբերյալ կազմված հարցաքննության արձանագրության տակ:
Ամբաստանյալ Սեյրան Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: