Բաժիններ՝

Երուսաղեմում հրեական ու արաբական թաղամասերն առանձնացնող նոր պատ կկառուցվի

Իսրայելում բռնությունների չդադարող ալիքի պայմաններում իսրայելական ոստիկանությունը հոկտեմբերի 18-ին սկսել է անվտանգության նոր պատի կառուցումը Արևելյան Երուսաղեմում: Այն կոչված է արաբական Ջաբել Մուկաբար թաղամասը տարանջատել հրեականից՝ Արմոն Խանացիվից, հայտնում է AFP գործակալությունը:

Տեղի իշխանությունների տվյալով՝ ժամանակավոր պատի երկարությունը կարող է հասնել 300 մետրի: Հոկտեմբերի 18-ին ոստիկանությունը տեղադրել է 2,5 մետր բարձրություն ու 2 մ լայնություն ունեցող բետոնե 6 առաջին բլոկները:

Վերջին օրերին արաբական թաղամասի տարածքից հրեական թաղամասերի կողմը նետվել էին քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր: Ջաբել Մուկաբարի 3 բնակիչներ անցած երեքշաբթի մասնակցել էին երկու ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով սպանվել էր 3 իսրայելցի: Հարձակվողները սպանվել էին Իսրայելի անվտանգության ուժերի կողմից:

Վերջին շաբաթում Իսրայելում կտրուկ ավելացել է բռնության մակարդակը: Դա հատկապես վերաբերում է Հորդանան գետի Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմին:
Իսրայելի իշխանությունների տվյալով՝ հոկտեմբերի սկզբից երկրում տեղի է ունեցել ավելի քան 30 ահաբեկչություն, սպանվել է 7 իսրայելցի ու ավելի քան 40 պաղեստինցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս