«Ռուսաստանի կողմից լուրջ անհանգստություն չի լինի». Սերգեյ Մինասյան

«Փաստացի 2013թ.-ից Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն իսկ ընթանում էին որոշ քննարկումներ՝ համապատասխան նոր իրավական փաստաթղթերի շուրջ, բայց արդեն 2015թ. հոկտեմբերից տեղի կունենա իրական բանակցային գործընթաց, որը կլինի «Ասոցացման պայմանագիր լայթ» մակարդակով, այսինքն՝ իր մեջ կներառի և՛ տնտեսական բլոկի հարցեր, և՛ քաղաքական, և՛ վիզայի լիբերալիզացման խնդիրներ, և, բնականաբար, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանին աջակցելու ծրագրեր, և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ բացառություն կլինեն տնտեսական կամ մաքսային դաշտի այն կետերը, որոնք այս պահին դեռ համադրելի չեն.

«Քանի դեռ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև չկա սինքրոնիզացիա՝ ազատ գոտու կամ ինչ-որ արտոնյալ համագործակցության մասին, բնականաբար, այդ կետերը չեն մտցվելու: Կներառվեն նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հետ կապված այն հարցերը, որոնք կարող են համատեղ հետաքրքրություն ներկայացնել, և չեն հակասի ՀՀ-ի անդամակցությանը ոչ միայն՝ ԵՏՄ-ին, այլ նաև՝ ՀԱՊԿ-ին»:

Քաղաքագետի կարծիքով՝ քանի որ Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է ԵՏՄ անդամ, ու Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով այդքան էլ վտանգ չունի Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ֆորմատից, Ռուսաստանի կողմից լուրջ անհանգստություն չի լինի. «Ռուսաստանն այս պահին առավել ևս շահագրգռված կլինի ինչ-որ նոր համագործակցության եզրեր գտնել Եվրամիության հետ, և, բնականաբար, Հայաստանի օրինակը կարող է ինչ-որ տարբերակ լինել»:

Տեսանյութեր

Լրահոս