ԿԳՆ-ն և «Հայաստանի պատանեկան նվաճումները» երկարաձգում են համագործակցությունը
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը համաձայնագիր են ստորագրել` երկկողմ համագործակցությունը մինչև 2020 թվականը երկարացնելու վերաբերյալ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորելով հանրային հատվածի և պետական կառույցների ջանքերի համատեղումը, շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ տարբեր ձևաչափերով համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ.
«Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում հանրային նախաձեռնությունները, որոնք միտված են մեր համակարգում այս կամ այն նորարարության կամ առկա խնդրի բացահայտմանը և լուծմանը: Նմանատիպ համագործակցության օրինակներ շատ ունենք: Հանրային հատվածի հետ աշխատանքի փայլուն օրինակ է մեր համագործակցությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի հետ»,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ ժամանակակից դպրոցներում միտում է դարձել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը նպաստող տարաբնույթ ուսումնական ծրագրերի իրականացումը :
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ևս մեծ փորձ է կուտակել դպրոցներում կիրառական տնտեսագիտություն դասավանդելու ասպարեզում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ևս կարևորել է ԿԳՆ-ի հետ համգործակցությունը, նշելով, որ
հինգ տարի առաջ հուշագրի ստորագրումից հետո Հայաստանի 400 դպրոցներում դասավանդվել է «Կիրառական տնտեսագիտություն» առարկան, իսկ այս տարվա սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է ևս 150 դպրոցներում: Ընդհանուր առմամբ տարբեր ձևաչափերով կազմակերպության կրթական ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 800 դպրոց, վերապատրաստվել և նոր որակավորում է ստացել գրեթե նույնքան ուսուցիչ:
Կազմակերպությունը մշակել և խմբագրել է տնտեսագիտական, ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությանն առնչվող ձեռնարկներ: Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Արմեն Աշոտյանն ու Արմինե Հովհաննիսյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել են «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառմանը, որտեղ իրենց արտադրանք են ներկայացրել պատանիներ տարբեր մարզերից: Նախարարը շրջել է տաղավարներում, կատարել գնումներ, լուսանկարվել տոնավաճառի մասնակից պատանիների հետ: