Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան 70 տարեկան է
Օրերս Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտների գեղանկարներն ու քանդակները, որոնց աշխատանքների կողքին ներկայացված էին նաև ժամանակակից ուսանողների աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Գեղարվեստի ակադեմիան հիմնադրվեց 1945թ., և դա, ըստ իս, խորհրդանշական է: Պատերազմի վերքերը չամոքած, սակայն զարգացման հեռանկարներով երկիր ունեինք, մենք հավատում էինք, որ աղետալի իրավիճակում էլ կարելի է լավ գործի սկիզբը դնել»:
Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը, ով ակադեմիան ավարտել է դեռևս 44 տարի առաջ և հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում է «Հովհարով կինը» կտավով, 168.am-ի հետ զրույցում նշեց. «Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, որն ավարտել եմ 1971 թվականին և անմիջապես հետո դասավանդել հարազատ բուհում: Այսօր արդեն դասավանդում եմ Աբովյան քաղաքի Գեղարվեստի պետական քոլեջում: Իմ դասախոսներից՝ Գրիգոր Աղասյանից, Էդուարդ Իսաբեկյանից, շատ բան եմ սովորել, և մինչ օրս դեռ իմ աշխատանքներում զգում ենք նրանց ազդեցությունը»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մշակութային հայտնի գործիչներ և մեծ թվով արվեստասեր հանրություն:
Հայաստանի նկարիչների միության կազմակերպած հոբելյանական ցուցահանդեսը բաց է այցելուների համար: