Ընդդիմությունը կհավերժացնի ՀՀԿ-ի իշխանությունը

Նոյեմբերի 6-ից, երբ պաշտոնապես մեկնարկելու է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, Հայաստանը մտնելու է նախընտրական շրջափուլի մեջ, որը, սակայն, դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ոչ միայն չի ավարտվելու, այլև նոր դրսևորումներով շարունակվելու է ևս 1-2 տարի: 2017 թվականին արդեն փոփոխված Սահմանադրությամբ կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Հենց այդ ընտրությունների թաքնված քարոզարշավն է մեկնարկելու Սահմանադրական հանրաքվեից հետո, եթե չասենք, որ արդեն իսկ սկսվել է: Մի խոսքով, ողջ 2016 թվականը և 2017 թվականի առաջին կեսը Հայաստանն ապրելու է նախընտրական կյանքով՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով:

Թե ինչ զարգացումներ կարձանագրվեն այդ մեկուկես տարիների ընթացքում, բնականաբար, դժվար ու նույնիսկ անիմաստ է կանխատեսել: Սակայն այս նախընտրական փուլը, անկախ հետագա զարգացումներից, ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, որը վկայում է մեր քաղաքական համակարգի հիվանդության, եթե կուզեք, լայն իմաստով, չգոյության մասին: Իսկ առանձնահատկությունն այդ սահմանադրական փոփոխությունները չեն, և այն չէ, որ նոր խորհրդարանը ձևավորվելու է 100 տոկոս համամասնական ընտրակարգով կամ երկու փուլով:

Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, ծանր վիճակում, և, դժբախտաբար, տեսանելի ապագայում այդ վիճակի հաղթահարման ճանապարհներ չեն երևակվում: Դա խոստովանում է նաև իշխանությունը, և հաջորդ տարվա պետական բյուջեում տնտեսական աճի 2.2 տոկոս ցուցանիշը դրա լավագույն վկայությունն է: Այսինքն՝ կառավարությունն ուղիղ ասում է, որ հաջորդ տարի առնվազն երկու անգամ քաղաքացիներն ավելի վատ են ապրելու, և, այդ առթիվ, ի դեպ, պետք է անկեղծ շնորհակալություն հայտնել կառավարությանը: Ազնվության համար:

Որևէ նորմալ երկրում ընտրություններին նախորդող ժամանակահատվածում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, բնակչության կենսամակարդակի վատթարացումն ուղիղ սպառնալիք է օրվա իշխանության համար, որը պատրաստվում է պահպանել իշխանությունը ծանր պայմաններում կայանալիք ընտրությունների արդյունքներով:
Նայեք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների դեմքերի արտահայտություններին, լսեք ու կարդացեք նրանց ելույթները: Որևէ մեկի խոսքում կամ վարքագծում անհանգստության, վախի արտահայտություն ուղղակի հնարավոր չէ գտնել:

Ու պատճառն ամենևին այն չէ, որ բոլոր հանրապետականները Վահրամ Փափազյանի արժանի հետևորդներ են, ու ոչ էլ այն, որ լավ են սերտել քաղաքագիտական այն նորմը, որի համաձայն՝ նույնիսկ ամենավտանգավոր ու ֆորսմաժորային իրավիճակներում անթույլատրելի է թուլությունն ու վախն ի ցույց դնելը: Ո՛չ: Մեր իշխանությունները բազմիցս ապացուցել են, թե ինչպես են խեղճանում ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական սպառնալիքների առաջացման դեպքում, նրանք դառնում են զգուշավոր, խոնարհ ու հեզ:

Բայց հիմա չկա նման բան, ցանկացած հանրապետական այնպես է խոսում իշխանության պահպանման ու ընտրություններում հաղթանակի անխուսափելիության մասին, կարծես Հայաստանում որևէ այլ կուսակցություն չկա: Ու կարծես չկա հասարակություն, ու չկան մտածող մարդիկ:

Իսկ ի՞նչն է իշխանության այդչափ ինքնավստահության պատճառը՝ սեփական աշխատանքի գոհացուցիչ արդյունքնե՞րը, դրախտային պայմաննե՞րը, որ ապահովվել են Հայաստանում ՀՀԿ-ի իշխանության շնորհիվ: Իհա՛րկե ոչ: Հանրապետականներն ամենալավը գիտեն, թե ինչ անդառնալի կորուստներ են արձանագրվել իրենց պաշտոնավարման արդյունքում՝ թե արտաքին, թե ներքաղաքական ասպարեզում: Գիտեն, բայց շարունակում են ինքնավստահ ելույթներ ունենալ ապագայի մասին: Ինքնավստահ են, որովհետև տեսնում են, որ չկա այն ուժը, չկան այն քաղաքական միավորները, որոնք ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն օգտագործելով՝ կարող են հասարակությանը փողոց դուրս բերել և առաջնորդել սոցիալական բունտն այնպես, որ դա հանգեցնի իշխանափոխության:

Իսկ որ Հայաստանում սոցիալական բունտ հնարավոր է, ցույց տվեցին Բաղրամյան պողոտայի ցույցերը՝ կոտրելով տասնամյակներ արմատացած ու իշխանության կողմից քարոզվող այն թեզը, թե սոցիալական ընդվզումը հայ ժողովրդին հարիր չէ, և, որ հայ ժողովուրդը փողոց է դուրս գալիս միայն նախընտրական ու հետընտրական շրջանում: Էլեկտրամայդանը եկավ ապացուցելու այդ կաղապարի սնանկությունը: Բայց, դժբախտաբար, սնանկ է ոչ միայն այդ մտակաղապարը, այլև մեր քաղաքական ուժերը, որոնք անցած տարիներին, հատկապես՝ 2008 թվականից հետո, հետևողականորեն գնացին ինքնաոչնչացման ճանապարհով:

Իհա՛րկե, իշխանությունը նպաստեց դրան՝ ինչով կարողացավ, բայց եթե կուսակցությունները լինեին՝ գաղափարների, և ոչ թե՝ անձերի վրա հիմնված, եթե հետապնդեին ոչ թե կոնյունկտուրային շահեր ու կերակրատաշտին մոտենալու զարտուղի ճանապարհներ, այլ սկզբունքային, արժեքային մոտեցումներ, իշխանությունը չէր կարողանա ոչինչ անել, եթե անգամ կուսակցությունները քանդելուն ուղղեր իր ողջ ինտրիգային պոտենցիալը: Արդյունքում՝ այսօր ապրում ենք մի Հայաստանում, որտեղ կյանքը գնալով վատթարանում է, որից մարդիկ հեռանում են, բայց որի իշխանությունն ընտրությունների է գնում առավել քան ինքնավստահ ու աներեր: Չկատարելով նախընտրական խոստումների մեծ մասը՝ Սերժ Սարգսյանն իրականում կյանքի է կոչել իր նախընտրական կարգախոսը՝ «Դեպի Ապահով Հայաստան»:

ՀՀԿ-ի ու իշխանական էլիտայի համար ավելի ապահով միջավայր պատկերացնել անգամ հնարավոր չէ: Եվ իրականում ՀՀԿ-ի իշխանության հավերժացումն ապահովելու է ոչ թե նոր Սահմանադրությունը, ինչպես փորձում են ներկայացնել դրա դեմ հանդես եկողները, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմադիր կուսակցությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած: Քանի որ նման ընդդիմություն ունեցող երկրում անգամ ՀՀԿ-ի նման իշխանությունը կարող է նախապատվելի դառնալ: Անհեթեթություն է, բայց փաստ: Իսկ ավելի դիպուկ ասել է Սերժ Սարգսյանը. սա Հայաստանն է, և վերջ:

 

Տեսանյութեր

Լրահոս