«Իրանը դուրս է գալիս շրջափակումից, և առևտուրը կզարգանա». Լևոն Ահարոնյան

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններն այլ որակ կունենան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը՝ անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին: Նա դրական գնահատեց հայ-իրանական հարաբերություններում առկա վերջին միտումները, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով, հատկապես Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ:

Դա, Ահարոնյանի համոզմամբ, թույլ կտա Իրանին և իրանցի գործարարներին մեծ թափով սկսել համագործակցել, հատկապես, որ առկա է քաղաքական կամք և՛ Երևանում, և՛ Թեհրանում:

«Ես չէի ասի, որ պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են եղել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում, այդ հարաբերությունները եղել են, պարզապես մեծ թափով չեն զարգացել: Պետք է հաշվի առնել, որ այսօր աշխարհի տնտեսական վիճակը լավ չէ, վերջին տարիներին համաշխարհային շուկայում լուրջ դժվարություններ են եղել, որոնք անդրադարձել են և՛ Իրանի, և՛ Հայաստանի վրա, ուստի այս հարցին պետք է նաև ըմբռնումով մոտենալ:

Այսօր խոսք է գնում նոր էջի մասին, որովհետև Իրանը դուրս է գալիս շրջափակումից, և առևտուրը կզարգանա: Հիմա Իրանի կառավարությունն աշխատում է տնտեսապես շատ ավելի ակտիվ քաղաքականություն վարել, քան նախկինում, քանի որ կան արդեն այդ հնարավորությունները: Թյուր է նաև կարծիքը, թե իրանցիները հետաքրքրված չեն հայկական շուկայով, քանի որ հայկական շուկան գրավիչ չէ:

Պարզապես կան հարցեր, որոնց բանակցությունների միջոցով հավելյալ կհստակեցվեն, ինչպես՝ մաքսերը, և այլն: Տարիներ շարունակ խոսել ենք երկաթուղու մասին, այսօր այդ մասին խոսում են նաև երկու երկրների կառավարությունները, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, այդ հարցն է հիմա պետք լուծել, քանի որ, ինչպես հասկանում եմ ՀՀ վարչապետի ու Իրանի փոխնախագահների խոսքերից, նրանք ցանկանում են դա, և Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ»,- ասաց Ահարոնյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները կաճեն, և քննարկվող նախագծերը կսկսեն իրականացվել, որին կօգնի նաև առաջիկայում Թեհրանում անցկացվելիք Հայ-իրանական գործարար համաժողովը, որի ժամանակ գործարարները հնարավորություն կունենան նոր գործընկերներ գտնել:

Լուսանկարը՝ aravot.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս