ԶՈՒ գլխավոր շտաբն է որոշում՝ որտեղ դնել օպտիկական միջոց, որտեղ՝ խոցման

«ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերության հիմնական խնդիրը գոյություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտունակության պահպանումն է, այսինքն՝ սկսած տեխնիկական սպասարկումներից՝ մինչև հիմնական վերանորոգումը: Մեր տեխնիկայի մեծամասնությունը խորհրդային արտադրության է, և երկրորդը հենց դրանց խորը արդիականացման խնդիրն է: Երրորդ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծում»,- այսօրվա քննարկմանն ասաց ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը:

Նա նշեց, որ այս տարվա մարտ ամսին ընդունված օրենքով ՊՆ կազմում պետք է ստեղծվի Ռազմաարդյունաբերության պետական կոմիտե. «Վարչապետի գլխավորությամբ ստեղծվում է Ռազմաարդյունաբերության հանձնաժողով, որի տեղակալը կլինի պաշտպանության նախարարը: Քարտուղարության պարտականությունները կկատարի ՀՀ Գիտությունների պետական կոմիտեն: Այդ հանձնաժողովին կից լինելու են գիտատեխնիկական և ռազմատեխնիկական խորհուրդներ, որոնց հիմնական նպատակն այն է, որ որոշեն՝ ո՞ր գյուտն է հարկավոր բանակին, ո՞րը՝ ոչ: Մինչև այժմ տարբեր անհատներից, կազմակերպություններից ստանում ենք տարբեր առաջարկներ, և յուրաքանչյուրը կարծում է, որ դա կարևոր է Զինված ուժերի համար, իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբը, չգիտես ինչու, դա չի հասկանում ու չի ընդունում: Ամեն մեկը կարծում է, որ իր սարքն է միայն, ու յուրաքանչյուր նամակի վերջում գրված է ՝ազգին կփրկի»:

Նա ընդգծեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբն է որոշում՝ որտեղ դնի օպտիկական միջոց, որտեղ՝ խոցման, և այլն. «Նրանք են որոշում՝ ինչ միջոցներով և ինչ քանակի զինծառայողներով ամուր պահել սահմանը: Հետևաբար՝ հնարավոր է՝ ունենանք շատ գեղեցիկ մտքեր, բայց դրանք սահմանը պահելու համար այդքան էլ արդյունավետ չլինեն»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս