ՖԱՖ-ը պահանջներ է ներկայացրել ՀՖՖ-ին
Երևանում կայացել է «Առաջին հայկական ճակատի»՝ ՖԱՖ-ի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում երկրպագուական շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը և անդամ Արսեն Զաքարյանը արտահայտել են իրենց բողոքը և իրենց պահանջներն են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Սերգեյ Ջանջոյանը նշել է, որ իրենք պահանջներ ունեն ՀՖՖ-ից, քանի որ հենց այդ կառույցն է պատասխանատու վերջին տարիներին գրանցված արդյունքների համար: Ըստ նրա հայկական ֆուտբոլը մահանում է, մահանում են նաև իրենք:
«1-ին պահանջ. նոր գլխավոր մարզիչ, ով կլինի արտասահմանցի, պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի ունեցած կլինի և ինքնուրույն որոշումներ կկայացնի:
2-րդ պահանջ. հարցը կապված է ոչ ֆուտբոլային պատճառներով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստների հետ»,-նշեց Սերգեյը:
Որպես երրորդ պահանջ երկրպագուները նշեցին տոմսերի արժեքների իջեցումը: Նրանք անգամ պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք 500-ից 800 զեղչված տոմսերից, միայն թե տոմսերի գները բարձր չլինեն:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՖԱՖ-ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, երկրպագուները նշեցին, որ սպասում են Ռուբեն Հայարապետյանի պատասխանին: Արդյունքները իրենց չեն գոհացնում: ՀՖՖ նախագահի ամփոփիչ ասուլիսից հետո, իրենք կորոշեն հետագա անելիքները:
Սիրարփի Աղաբաբյան