Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը քննադատել է ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, երկրի մշակույթի նախկին նախարար Օմիր Չելիկը քննադատել է Թուրքիայի ու Եվրամիության միջև պայմանավորվածությունները մասնավորապես Եվրոպա ներգաղթյալների հոսքի սահմանափակման մասին, հայտնում է Reuters-ը:
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Չելիկը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չպետք է լինի քաղաքական առևտրի առարկա:
Բացի այդ՝ նա հիշեցրել է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի միջև բանակցությունները անօրինական ներգաղթյալների հոսքի խնդրի վերաբերյալ դեռ չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ Եվրամիության ու Թուրքիայի ղեկավարները բրյուսելյան գագաթաժողովին համաձայնեցրել են գործողությունների նախնական պլանը, որը կոչված է սահմանափակել Եվրոպա ներգաղթյալների հոսքը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մամլո ասուլիսին հայտարարել է, թե զգում է «զգուշավոր լավատեսություն» ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ներգաղթյալների հոսքը Եվրոպա զսպելու դիմաց Թուրքիան պահանջել էր Եվրամիությունից մոտ 3 մլրդ դոլար ֆինանսական օգնություն, այցագրային ռեժիմի մեղմացում ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի արագացում:
Ինչպես հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, օգնությունը Անկարայի իշխանություններին կտրամադրվի մոտ օրերս, իսկ այցագրային ռեժիմի մեղմացումը կարագացվի:
Բրյուսելի գագաթաժողովի մասնակիցները խոստացել են չձգձգել նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հայտը: