«Քաղաքական իրավիճակը Ռուսաստանում խոչընդոտներ է առաջացնում»
Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը «Համաշխարհային տնտեսության անկայունության պայամաններում ԱՊՀ անդամ երկրների ԱԱՊ-ների փոխգործակցության ուժեղացումը» թեմայով:
Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԱՊՀ պետությունների ԱԱՊ-ների հետ համատեղ իրականացնում են այն ծրագրերը, որոնք միտված են զարգացմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, կազմակերպում են գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ:
«Մենք ԵՏՄ անդամ ենք և մեծ պոտենցիալ ունենք այդ շուկաներում ներկայանալու, բայց քաղաքական իրավիճակը Ռուսաստանում խոչընդոտներ է առաջացնում: Մենք համոզված ենք, որ մեծ տերությունների ղեկավարները միշտ էլ խելոք են մտածում և քաղաքական այօրվա իրավճակը չի կարող երկար շարունակվել, իրենք իրենց խնդիրները կլուծեն և այդ դեպքում հաստատ դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա: Բայց սա չի նշանակում, որ մենք չենք աշխատում, մենք նաև Եվրոպայի հետ աշխատանք ենք կատարում»,- ասաց Մ.Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀՀ ԱԱՊ-ն իրականացնում է «Իստ Ինվեստ» ծրագիր՝ դեպի Եվրոպա արտահանման հետ կապված, ուսուցանվում են գործարարներն ու եվրոպական երկրներում կարողանում են ցուցահանեսներին մասնակացել ու ներկայացնել իրենց ապրանքատեսականին:
Մ.Սարգսյանի կարծիքով՝ այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն կդառնա մեր երկրի արտաքին տնտեսական կապերն ակտիվացնելու համար: Նա նշեց նաև, որ երևանյան նիստի ընթացքում կորոշվի, թե ՀՀ-ն ում է փոխանցում 2016թ. խորհրդի նախագահությունը և որտեղ է կայանալու հաջորդ նիստը: