«Կուսակցություն հիմնելն է՞լ է պայմանավորվածությամբ». Արամ Կարապետյան

«Սերժ Սարգսյանն իր ուղերձում ցույց է տալիս, որ, մեղմ ասած, Հայաստանում չենք սպասում Արա Աբրահամյանին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այսօր արած այն հայտարարության մասին, թե պատրաստվում է կուսակցություն հիմնել ու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել:

Ա. Կարապետյանի խոսքը վերաբերում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ուղերձին, որում նախագահն ասում է, որ ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի «նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար»:

Ըստ Ա. Կարապետյանի՝ նախագահը, շեշտելով Ա. Աբրահամյանի՝ Ռուսաստանում մշտապես բնակվելու փաստը, ինչ-որ ձևով հասկացնում է, որ լավ կլինի՝ նա մուտք չգործի հայկական քաղաքական դաշտ. «Ստացվում է, որ Արա Աբրահամյանը քայլ է անում՝ միանշանակ հասկանալով, որ Սերժ Սարգսյանի որոշմանը դեմ է գնում: Դա ցույց է տալիս՝ ինչքան է թուլացել Սերժ Սարգսյանը, և երկրորդ՝ դա ցույց է տալիս, թե ինչ որակի աշխատանք է գնում Սերժ Սարգսյանի հետ դաշտում: Չգիտեմ՝ Արա Աբրահամյանն ունի՞ Մոսկվայում ինչ-որ հովանավորչություն, թե՞ ոչ, բայց եթե այդպես է, է՛լ ավելի վատ է, քանի որ ստացվում է՝ նրա հովանավորներն էլ Սերժ Սարգսյանի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում»:

Մեր զրուցակիցը միանշանակ կողմ է յուրաքանչյուր քաղաքական «ֆիգուրի» մուտքին քաղաքական դաշտ, ըստ նրա՝ այլ հարց է՝ դա Հայաստանին ինչ-որ բան կտա՞, կօգնի՞, թե՞ ոչ. «Ես այդպես էլ չհասկացա, հիմա կուսակցություն հիմնելն է՞լ է պայմանավորվածությամբ: Այսինքն՝ գնում ես, Սերժ Սարգսյանի հետ խոսո՞ւմ ես, օբյեկտ բացել է դարձել արդեն, հա՞, օրենք չկա՞ կուսակցությունների մասին, պայմանավորվում, գալիս-բացո՞ւմ ես: Ես այդպես հասկացա»:

Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանը հայտարարել էր, որ արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ստացել նրա համաձայնությունը՝ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար:

Մեր հարցին, թե այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի հետ, արդյոք արդեն չի՞ նշանակում, որ այդ կուսակցությունն ավելի շատ իշխանական դաշտում է գործելու, ոչ թե ընդդիմադիր, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Ճիշտ եք, տրամաբանությամբ այդպես է, բայց պայմանավորվածությունները երևի ավելի վաղ են ձեռք բերվել, իսկ դրանից հետո Սերժ Սարգսյանն իր ուղերձում ցույց է տալիս, որ, մեղմ ասած, չենք սպասում քեզ այստեղ: Քանի որ նման հակասություններ կան, մի քիչ դժվար է հիմա պատկերացնել՝ որն է ճիշտը»:

Ա. Կարապետյանը նաև նշեց, որ ինքն ունի որոշակի ինֆորմացիա, որի մասին հիմա նպատակահարմար չի գտնում խոսել. «Եթե ապագայում երևան այն երանգները, որոնք ես ինֆորմացիոն գիտեմ, այդ ժամանակ պատրաստ եմ նաև ձեզ հետ կիսվեմ, քանի որ դա ժամանակ է պահանջում, որ գործընթացից երևա: Ես ունեմ իմ ինֆորմացիան, և կարծում եմ, որ ճիշտը գիտեմ, բայց քանի որ դեռ գործընթացը չի գնացել, դրա մասին ես խոսելը նպատակահարմար չեմ գտնում»:

Մեր այն հարցին էլ, թե՝ ՆԺԿ համագործակցությունն Ա. Աբրահամյանի և նրա կողմից ստեղծվելիք կուսակցության հետ պատկերացնո՞ւմ եք, Ա. Կարապետյանն այսպես արձագանքեց. «Արա Աբրահամյանի հետ ես չեմ պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, ուղղակի չեմ պատկերացնում: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ես չգիտեմ՝ այդ կուսակցությունն ի՞նչ կուսակցություն է, ի՞նչ է դավանելու, ի՞նչ գաղափարախոսություն ունի, ի՞նչ ծրագրեր են ներկայացնելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս