Պուտինը մտավ Հայաստան

Այսօր ասուլիս է հրավիրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով պատրաստվում է կուսակցություն ստեղծել կամ գուցե արդեն ստեղծել է ու մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ասուլիսում Արա Աբրահամյանն այնպես է ներկայացրել իր այդ ցանկությունը, որ հայ ժողովուրդը պետք է հերթ կանգնի՝ նրան երախտագիտություն հայտնելու համար:

Նա իսկական հայրենասեր է, անձնազոհություն է անում՝ Հայաստանում կուսակցություն բացելով, ու հայտարարել է, որ որևէ պաշտոն չի ցանկանում զբաղեցնել: Ասել է նաև, որ իր կինը, ընտանիքի անդամները դեմ են Հայաստանում իր քաղաքականությամբ զբաղվելուն, բայց ինքը չի կարող դա չանել, քանի որ մտածում է հայրենիքի մասին:

Անձամբ իրեն ոչինչ պետք չէ, ինքն է պետք Հայաստանին: Ծանոթ բառապաշար է, այնպես չէ՞: Նույն տեքստերով տարիների շարունակ հայ հասարակությանը «կերակրում» էր Գագիկ Ծառուկյանը: Թե ինչ եղավ Ծառուկյանի հետ, բոլորին է հայտնի, և, ինչպես ինքն է հայտարարել, «կատարում է իր պարտականությունները»… սպորտի բնագավառում: Թե ինչպես կավարտվի Արա Աբրահամյանի «միսիան»՝ այս պահին դժվար է ասել: Բայց հաստատ է այն, որ որքան շուտ ավարտվի, այնքան լավ: Հակառակ դեպքում, դա նպաստելու է Հայաստան պետության ավարտին:

Արա Աբրահամյանը, ի թիվս այլ «առաքինություների», նաև ազնիվ է, անսահման ու անթույլատրելիության աստիճանի ազնիվ: «Պուտինն ինձ հանձնարարություններ ա տալիս, ես կատարում եմ», «Պուտինը միշտ ճիշտ ա»,- սրանք մեջբերումներ են Արա Աբրահամյանի ասուլիսից:

Արա Աբրահամյանը, ի դեպ, ճիշտ կանի, եթե իր կուսակցության կենտրոնական գրասենյակը բացի Գյումրիում՝ որպես ռուսական ուղղակի ներկայության երկրորդ միավոր:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հարցազրույցից հետո հայտարարել էր, թե դեսպանն այդպիսով միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Հայտարարել էր ու իր վրոդովմունքն էր հայտնել այդ առթիվ: Այն դեպքում, երբ Ռ. Միլսն ընդամենն ասել էր, որ կոռուպցիան սպառնում է նաև երկրի ազգային անվտանգությանը:

Արա Աբրահամյանի այսօրվա հայտարարությունները ոչ միայն այլ երկրի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, այլև ուղղակի ինտերվենցիա, որի հետևանքները ռազմական ներխուժումից ավելի անդառնալի կարող են լինել: Ու Աբրահամյանի հայտարարություններին, նորմալ պետություն լինելու դեպքում, պետք է արձագանքեր ոչ թե՝ որևէ հանրապետական, այլ Ազգային անվտանգության ծառայությունը՝ նրան անհապաղ արտաքսելու որոշում կայացնելով: Բայց դա, իհարկե, ողբերգականորեն ծիծաղելի սցենար է, քանի որ Հայաստանում բոլորի, թե իշխանականների, թե ընդդիմադիրների համար «Պուտինը միշտ ճիշտ ա»:

Տեսանյութեր

Լրահոս