«Երևանցին այսօր գնում է կրկնապատիկ թանկ, մինչդեռ գյուղացին ի վիճակի է ավելի էժան գնով մթերք տալ»

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ  գյուղատնտեսությունը դարձել է ՀՆԱ ձևավորող ոլորտ, բայց դրան անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում, և, ըստ նրա՝ գյուղատնտեսական աշխատանքները համապարփակ չեն կազմակերպվում. «Միայն Գյուղատնտեսության նախարարության վրա չի կարելի թողնել այս աշխատանքները, որոնց կատարման համար անհրաժեշտ գործիքները նա չունի. ինչքան հնարավոր է, այդքան է անում: Պետք է ամբողջական շղթա աշխատի՝ էկոնոմիկայի նախարարություն, մարզպետարաններ, գյուղապետարաններ: Գյուղնախարարությանը շատ գործիքակազմ պետք է տան, որպեսզի կարողանա ամբողջական ղեկավարել, միայն վազվզելով հո չէ՞»:

Նա նշեց, որ խաղողի հիմնական մթերողները Գագիկ Ծառուկյանն ու Երևանի կոնյակի գործարանն են, իսկ մթերման գինն արդեն շատ ցածր է՝ 60-70 դրամ. «Բայց գյուղացուն այլ ելք չի մնում, քան այդ գնով հանձնել»:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ խաղողի մթերման հետ կապված եթե չլիներ կառավարության միջամտությունը, վիճակը շատ ավելի վատ կլիներ. «Հիմա էլ այդքան լավ չէ, որովհետև խնդիրները շարունակվում են: Խաղողը մթերվել է, բայց գումարները տալ չեն կարողանում: Գինու գործարանները մեծ խնդիրներ ունեն կապված իրացման հետ: Գյուղացիները և՛ անցած տարվա վարկը պետք է մարեն, և՛ այս տարի վարկ պետք է վերցնեն: Գյուղացուն փող է պետք, որ աշնան որոշակի աշխատանքները կատարի, այդ նույն գումարով պետք է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարի ու իր ընտանիքը պահի: Որոշակի գումար տրվում է գյուղացիներին, բայց ամբողջական գումարի տրամադրումը մինչև մարտ կձգվի»:

Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց՝ Երևան քաղաքը շատ մեծ շուկա է Արարատյան դաշտի մթերքների համար. «Եթե դրանք Երևան մատակարարենք, բացարձակ պետք չի լինի բանջարեղեն ու միրգ ներմուծել: Գյուղացին մինչև հասնում է շուկա, մոտավորապես կրկնապատկվում է ապրանքի գինը. սուպերմարկետներում խաղողը 400-500 դրամ է այն դեպքում, երբ մթերվում է 60- 140 դրամով: Երևանի ամեն բարձրահարկ շենքում պետք է մի տաղավար դրվի ու գյուղացին ուղիղ կապի մեջ մտնի այդ տաղավարի հետ: Միջանկյալ փող աշխատողները պետք է վերանան, որովհետև երևանցին այսօր գնում է կրկնապատիկ թանկ, մինչդեռ  գյուղացին ի վիճակի է ավելի էժան գնով մթերք տալ» »:

Տեսանյութեր

Լրահոս