«Դուք պնդո՞ւմ եք, որ Տիգրան Սարգսյանը եղել է վարչապետ Հայաստանի Հանրապետության». շարունակվեց Տիգրան Սարգսյանն` ընդդեմ Փայլակ Հայրապետյանի նիստը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցի քննությունն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի: Տիգրան Սարգսյանը պահանջում է, իր կարծիքով, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և 1 միլիոն 1 դրամ գումար բռնագանձել: Հայցի համար հիմք է հանդիսացել shamshyan.com-ի հրապարակումը:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը ներկայացրեց իր առարկությունները: Նա նշեց, որ հայցվորը վիճարկում է քննարկվող հրապարակման մեջ նշված այն հատվածը, ըստ որի՝ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ 2009թ. Էկոնոմիկայի նախարարության շենքում 23 արդյունաբերական կազմակերպությունների հետ քննարկմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գրիշա Բալասանյանի խոսքով՝ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանին հանդիպել է շենքի աստիճանահարթակին, մինչդեռ հրապարակման մեջ նշվել է, թե Տիգրան Սարգսյանը ներկա է եղել խորհրդակցությանը:

Գրիշա Բալասանյանի խոսքով՝ հայցվոր կողմը վիճարկում է նաև ոսկու գնման գործընթացին նախկին վարչապետի մասնակցության հարցը. ըստ նրա՝ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ ընկերության հաշվին փոխանցված գումարներով, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է, մեծ քանակությամբ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը:

Վիճարկվող մյուս դրվագն էլ, ըստ Գրիշա Բալասանյանի՝ վերաբերում է այն հատվածին, որտեղ նշվում է, որ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը «պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ են արել»: Գրիշա Բալասանյանն ասաց, որ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ գումարները փոխանցվել են այն ընկերության հաշվեհամարին, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է:

Կարդացեք նաև

Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Գրիշա Բալասանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է հասկանում, որ պատասխանողն ընդունում է, որ Տիգրան Սարգսյանը 7.5 մլն դոլար գումար չի ստացել, ինչին ի պատասխան՝ Գրիշա Բալասանյանն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ Տիգրան Սարգսյանը ստացե՞լ է, թե՞ ոչ, բայց այդ ընկերությունում Տիգրան Սարգսյանը բաժնետեր է, ենթադրվում է, որ բաժնետերը կարող էր ստանալ այդ գումարը»:

Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդեց դատարանին անցնել արագացված դատաքննության: Նա ասաց, որ առնվազն Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը պնդում է, որ Փայլակ Հայրապետյանի ձևակերպումներն այլ են եղել, լրատվամիջոցներն այլ ձևակերպումներ են արել, Տիգրան Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու լույսի ներքո՝ խնդրում են արագացված դատաքննության անցնել և հաստատել պահանջների մի մասը՝ հաստատել, որ զրպարտություն է տեղի ունեցել, և լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքումը: Այդ դեպքում իրենք կհրաժարվեն գումարի պահանջի մասից: Արամ Օրբելյանի խոսքով՝ գտնում են, որ ձևակերպված փաստերը զրպարտում են, «քանի որ նշվում է որոշակի գումար ստանալու հանգամանք անձամբ, այսինքն՝ ոչ ընկերության կողմից, նշվում է ոսկի գնելու հանգամանք, նշվում է ժողովին մասնակցելու հանգամանք». «Իսկ այդ բոլոր հանգամանքներն ընդհանուր կոնտեքստի մեջ ակնհայտ են դարձնում, առնվազն մյուս կոնտեքստի լույսի ներքո, հոդվածի լույսի ներքո և մյուս հրապարակումների լույսի ներքո փորձում են ցույց տալ Տիգրան Սարգսյանին՝ որպես խաբեության, որևէ գործարքի մասնակից՝ լինելով ներկա՝ համոզել է, որից հետո ստացել է գումարը, այդ գումարով ոսկի է գնել: Այսինքն՝ այս փաստերն ամբողջությամբ արատավորում են Տիգրան Սարգսյանի համբավը»:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն ասաց, որ դեմ է արագացված դատաքննություն կիրառելուն: Նա նշեց, որ, թեև Փայլակ Հայրապետյանն այնպես չի ասել, ինչպես ներկայացված է հրապարակման մեջ, բայց հրապարակված փաստերը զրպարտություն չեն: «Կոնկրետ Տիգրան Սարգսյանի դեպքում չկա ուղղակի «մեղադրանք», որ այդ 90 կգ ոսկին ինքն է գնել, որ նա խարդախության սցենարի մասնակից է եղել, և այլն: Այսինքն՝ դա ընդհանուր է, որոշ հայտարարություններ վերացական են եղել՝ թեև ոչ ճիշտ վերարտադրության դեպքում: Ուստի այդ պայմաններում չեմ կարծում, որ դա պետք է դիտարկվի՝ որպես զրպարտություն՝ չխորանալով փաստերի և ներկայացված ապացույցների մեջ»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Նա հարց հնչեցրեց, թե խորհրդակցության ներկա գտնվելու մասին տեղեկությունն ինչո՞վ է արատավորում կամ վնասում Տիգրան Սարգսյանին, եթե նույնիսկ ընդունենք, որ նա մասնակցել է դրան: «Հստակ երևում է, որ ոսկու գնորդն Աշոտ Սուքիասյանն է, տեքստում էլ երևում է: Այստեղ ինչո՞վ է վնասվում Տիգրան Սարգսյանի համբավը: Մյուսը վերաբերում է գումար փոխանցելուն: Գումար փոխանցելու մասով էլ ասացի, որ փոխանցվել է այն ընկերության հաշվեհամարին, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է: Բաժնետեր լինելն ապացուցվել է նաև Կիպրոսի Հանրապետությունից ստացված փաստաթղթերով: Մինչ այս պահը հակառակը չի ապացուցվել»,- ասաց Գրիշա Բալասանյանը: Նրան առարկեց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ Տիգրան Սարգսյանի բաժնետեր լինելու հանգամանքն ապացուցված փաստ չէ. «Կան փաստաթղթեր, որտեղ իր անունը նշված է, բայց որպես իրավաբական փաստ՝ դա դեռևս ապացուցված չէ»:

Դատարանը մերժեց արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ Տիգրան Սարգսյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է: Այլ հիմնավորումներից բացի՝ դատարանը նշեց, որ տվյալ դեպքում բացակայում են արագացված դատաքննության համար օրենքով նախատեսված հիմքերը:

Որոշման հրապարակումից հետո Արամ Օրբելյանը ետ վերցրեց պահանջների մի մասից հրաժարվելու մասը՝ նշելով, որ դրա հիմքում դրված էր արագացված դատաքննությամբ գործը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու խնդիրը. «Հաշվի առնելով, որ պատասխանող կողմն ինքն ընդունել էր, որ այդ փաստերն այնպես չեն, ինչպես ինքն էր արձանագրել, բայց եթե հիմա պատասխանող կողմն առարկում է, պնդում է, որ այդ փաստերն իրականությանը համապատասխանում են, մենք կշարունակենք ամբողջ ծավալով»:

Արամ Օրբելյանը ևս մի քանի հարցեր ուղղեց Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանին: Նրա հարցին՝ արդյոք, ըստ իրենց՝ Տիգրան Սարգսյանը ստացե՞լ է 7.5 մլն դոլար գումար, Գրիշա Բալասանյանը պատասխանեց. «Ես գումար ստանալու կամ հանելու պահին Տիգրան Սարգսյանի կողքին չեմ եղել, որ կոնկրետ ասեմ: Ես կարող եմ ասել հետևյալը, որ իմ վստահորդն ասել է, որ գումարներ են փոխանցվել այն ընկերության հաշվեհամարին, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է: Հետևաբար՝ բաժնետերը կարող էր ստանալ»: Մեջբերելով հրապարակման հատվածը, որ «այդ գումարով մոտ 90 կգ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփանակատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են», Արամ Օրբելյանը հետաքրքրվեց՝ արդյոք պնդո՞ւմ են, որ Տիգրան Սարգսյանի համար Աշոտ Սուքիասյանն 90 կգ ոսկի կամ դրա մի մասն է գնել: Դրան ի պատասխան՝ Գրիշա Բալասանյանն ասաց. «Իսկ որտե՞ղ է գրված, որ Տիգրան Սարգսյանի համար է գնվել», ապա ավելացրեց, որ նշվում է մի բան, որն անգամ գրված չէ հրապարակման մեջ: «Դուք պնդո՞ւմ եք, որ Տիգրան Սարգսյանը եղել է վարչապետ Հայաստանի Հանրապետության»,- հետևեց Արամ Օրբելյանի հարցը, որ դատարանը հանեց:

Այսօրվա դատական նիստի ընթացքում բաշխվեց ապացուցման բեռը: Հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ արժանապատվությունն արատավորող ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որ դրա հետևանքով առաջանում է պատասխանատվություն Փայլակ Հայրապետյանի համար և ոչ թե՝ ԶԼՄ-ի: Պատասխանողը պետք է ապացուցի, որ լրատվական միջոցը հրապարակման մեջ Փայլակ Հայրապետյանի խոսքերը խեղաթյուրված է ներկայացրել, և երեք դրվագներով էլ Փայլակ Հայրապետյանը չի հայտնել այն տեղեկությունները, որոնք տեղ են գտել հրապարակման մեջ: Պատասխանողը պետք է ապացուցի, որ երկու դրվագներով տեղեկատվությունը կամ դրա մի մասը համապատասխանում են իրականությանը և զրպարտություն չեն, պետք է ապացուցի, որ, եթե նույնիսկ զրպարտություն տեղ է գտել, ապա դրանում Հայրապետյանի մեղքը բացակայում է, և դա հանդիսանում է լրատվամիջոցի կողմից աղավաղման արդյունք: Պատասխանողը պետք է հիմնավորի նաև, որ առկա են պատասխանատվությունից ազատելու հիմքերը:

Արամ Օրբելյանն առարկեց «արժանապատվությունն արատավորող ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» փաստն ապացուցելու բեռը դնելու վրա. նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս դեպքում ոչ ողջամիտ գործողությունների մասով հարց չի բարձրացվել: Ավելին, ըստ նրա, հայցվոր կողմի համար գործնականում անհնար կլինի ապացուցել որոշակի հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը. «Որևէ թույլատրելի ապացույցով ապացուցել, որ Տիգրան Սարգսյանը գումար ստացել է կամ չի ստացել, պրակտիկորեն անհնար է, որովհետև բանկային հաշիվների քաղվածքներ բերելու դեպքում, միևնույն է՝ պատասխանողը կարող է նշել, որ կարող է՝ այլ հաշիվ էլ ունի, կարող է՝ կանխիկով է տրվել»:

Գրիշա Բալասանյանն էլ առարկեց նրա դեմ, որ Փայլակ Հայրապետյանը պետք է ապացուցի, որ լրատվամիջոցն իր խոսքը խեղաթյուրել է: Նրա խոսքով՝ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է, որ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: «Փայլակ Հայրապետյանն այս պահին չի կարող ապացուցել, որ խեղաթյուրվել է լրատվամիջոցի կողմից: Դա պետք է ապացուցի երկրորդ պատասխանողը: Պետք է ապացուցի, որ Փայլակ Հայրապետյանի խոսքը մեջբերելիս՝ բարեխիղճ է եղել կամ վերարտադրել է բառացի»,- ասաց նա՝ նշելով, որ ձայնագրությունը գտնվում է՝ լրատվամիջոցի, և ոչ թե՝ Փայլակ Հայրապետյանի մոտ:

Դատարանը մերժեց Փայլակ Հայրապետյանին որպես վկա հրավիրելու՝ Տիգրան Սարգսյանի ներկայացուցչի միջնորդությունը: Դատարանը նշեց, որ Փայլակ Հայրապետյանը գործով պատասխանող է, գործի ելքով շահագրգիռ անձ, և նրա ցուցմունքը չի կարող օբյեկտիվ գնահատվել՝ այս կամ այն փաստի ապացուցմանն ուղղված:

Գրիշա Բալասանյանը նշեց, որ անհնար է Փայլակ Հայրապետյանի համար՝ ապացուցել, որ լրատվամիջոցն իր խոսքը խեղաթյուրել է: Նա դատարանին խնդրեց ապահովել այդ ապացույցի ձեռքբերումը: Այս միջնորդությունը ևս մերժվեց: Դատարանը նշեց, որ պատասխանողի ներկայացուցչին չի հաջողվել հիմնավորել, որ այդ ապացույցը ձեռք բերելու ուղղությամբ գործողություններ են իրականացվել, դատարանն իրավասու չէ կողմի փոխարեն ապացույցներ ձեռք բերել այն պարագայում, երբ կողմը նման հնարավորություններից դեռևս զրկված չէ:

Գրիշա Բալասանյանը ժամանակ խնդրեց, որպեսզի կարողանա ձեռք բերել այդ ապացույցը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս