Բաժիններ՝

«Հովիկ Աբրահամյանը պետք է լինի շատ խիստ, պահանջկոտ և դաժան»

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է լինի ավելի «կոշտ ու չոր»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը Գ. Մակարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ վերջին շրջանում կառավարության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ձևով են հաշվարկներ կատարում ու տարբեր ցուցանիշներ ներկայացնում: Ի պատասխան՝ Գ. Մակարյանն ասաց, որ կառավարություն ասելով՝ պետք հասկանանք, որ կառավարության բոլոր օղակներն աշխատում են ներդաշնակ, իսկ վարչապետը գլխավոր մենեջերն է, որը համակարգում է կառավարության աշխատանքները:

«Ցավոք սրտի, երբ մեր երկրում ասում ես՝ կառավարություն, շատերին թվում է՝ դա հենց միայն վարչապետն է, ու իրենք ինչ էլ անեն, վարչապետը վերջում պատասխան կտա: Իրականում այդպես էլ ստացվում է, երբ գալիս է զոհաբերության պահը, հաճախ հենց վարչապետներն են զոհաբերվում Հայաստանի իրականության մեջ: Բայց ես կարծում եմ, որ վարչապետը պետք է նախօրոք զոհաբերի այն նախարարներին, որոնք լավ չեն աշխատում, որպեսզի և՛ կառավարության գործունեությունն արդարացված լինի, և՛ իր գործունեությունը:

Այդ առումով՝ առնվազն երկու նախարար արդեն լավ կլիներ՝ իրենց պորտֆելները ցած դնեին, որովհետև, եթե նախարարներն իրենց առաքելությունը ճիշտ չեն կատարում, երբ նրանք միամիտ կեցվածքով խոսում են՝ միայն օպտիմիստական, կամ ասում են, որ իրենք չունեն լծակներ (օրինակ, Էներգետիկայի նախարարի դեպքում` հոսանքի գնի հետ կապված), խոցելի է դառնում կառավարությունը, որովհետև ժողովուրդը բողոքում է կառավարության շենքի առաջ, բողոքում է կառավարությունից: Հետևաբար՝ վարչապետն էլ պետք է լինի շատ խիստ, պահանջկոտ և դաժան, որ թույլ չտա այդպես պարծենկոտ կեցվածքով խոսել»,- հայտարարեց Գ. Մակարյանը, ըստ որի՝ Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարներն արդեն կարող են իրենց «պորտֆելները» ցած դնել:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ վարչապետն ինչո՞ւ չի գնում նման քայլի, տնտեսագետն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ առաջինը՝ նա պետք է շատ չոր, ավելի պահանջկոտ լինի ու օգտագործի իրեն տրված բոլոր լիազորությունները»:

Հարցին էլ՝ այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը չափազանց փափո՞ւկ մարդ է, թե՞ կաշկանդված է, Գ. Մակարյանն այսպես արձագանքեց. «Իմ կարծիքով՝ մի քիչ կաշկանդվածություն կարող է ունենալ, բայց ինքն ավելի շատ մնում է ընկերական հովի մեջ, նա նաև ընկերական փորձեց օլիգարխներին ստվերից հանել, որը դեռ այդքան չի ստացվում, բայց ինքը պետք է լինի չոր իր մանդատի ներքո, ոչ մի զգացմունքային գործոն հաշվի չառնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս