Ո՞վ է գրանցվել ԲՀԿ-ականի փոխարեն և ինչու. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը իր այսօրվա համարում գրում է. «Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը հոկտեմբերի 5-ին, երբ քվեարկության դրվեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին Աժ որոշումը, բացակա էր։
Նրա փոխարեն, սակայն, ինչ-որ մեկը գրանցվել էր։ Պատգամավորին երեկ մի քանի հարց ուղղեցինք։
-Պարոն Կարապետյան, հոկտեմբերի 5-ին դուք բացակա էիք, չէ՞։
– Այո։
– Ձեր փոխարեն ինչ-որ մեկը գրանցվել էր, ճշտե՞լ եք ով՝ է արել։
– ճիշտն ասած, չիմացա։ Ես հիվանդ եմ, բացակայել եմ։
– Ձեր փոխարեն գրանցվելու իմաստը ո՞րն էր։
– Երեւի շփոթել են։ Իմաստ չկար գրանցվելու։ Եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն քվեարկած էլ լիներ, կմտածեի՝ իմ փոխարեն որոշել են ինչ-որ բան անել, բայց քվեարկած չէր, չէ՞։
– Այսինքն, չեք էլ փորձելու պարզել՝ ով է եղել ձեզ գրանցողը։
– Իմաստ չկա, եթե քվեարկած լինեին, լրիվ ուրիշ բան կլիներ։
– Իսկ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր դիրքորոշումը ո՞րն է, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ։
– Այ, որ դահլճում լինեի, միանգամից կերեւար։
– Այդուամենայնիվ, շատ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը։
– Դե, հիմա իրենք գիտեն՝ ինչ են անում։ Ինձ, որպես հայ, որպես ազատամարտիկ, այս երկրում 3 խնդիր է այս պահին մտահոգում՝ մեր տնտեսության զարգացումը՝ աշխատատեղերի ստեղծումը, մեր սահմանների անվտանգության հարցը, որը շատ կարեւոր է, եւ արտագաղթը։ Նոր Սահմանադրության մեջ կուզեի նշածս խնդիրներին նպաստող բաներ էլ տեսնել։
– Այսինքն, ինչպե՞ս հասկանանք, դուք համարում եք, որ փոփոխությունները պետք չե՞ն։
– Ինձ նշածս 3 խնդիրներն են մտահոգում, բայց եթե բաներ կան, որոնցից ես չեմ հասկանում, որ այսօր մեր երկրին խիստ անհրաժեշտ են, մտածողները արդեն մտածել են, որոշել են։
– Երեկ էլինար Վարդանյանին են հեռացրել ԲՀԿ-ից, բացառվում,որ նա եւ Ստեփան Մարգարյանը հանձնաժողովների նախագահի պաշտոններից էլ հեռացվեն։ Ինչպես եք վերաբերվում այս ամենին։
– Ճիշտն ասած, չեմ ողջունում, որովհետեւ շտապողականություն է եղել։ Եթե մի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան, պետք չէ միանգամից որոշում կայացնել։
– Հիմա, փաստորեն, ԲՀԿ-ն մի քանի թեւի է բաժանված, դուք ո՞ր թեւում եք։
– Բոլոր թեւերում էլ կամ։
– Փորձեր եք հաշտեցնե՞լ։
–Այո։
– Ու կարծո՞ւմ եք՝ կստացվի՞։
– Կարծում եմ՝ կստացվի։ Ամեն դեպքում, փորձում եմ, հույսս էլ չեմ կորցնում»։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։