«Կես ժամ անց Սերժ Սարգսյանը զանգահարեց ինձ ու ասաց, որ տանկերը հանելու են». հիշում է Պարույր Հայրիկյանը

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահ Սերժ Սարգսյանին ուղերձ հանձնեց, որում ասվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը ընթացել ու ընթանում է կոպտագույն խախտումներով, հետևաբար՝ «այն հակասահմանադրական է ու պետք է կասեցվի»:

«Այժմ, երբ ԱԺ-ն իր Հանրապետական մեծամասնությամբ վավերացրել է հակասահմանադրական գործելակերպով սահմանադրական բարեփոխումներ կատարած հանձնաժողովի մտամարզանքի արդյունքը, և մեր ժողովրդի համար կարևորագույն՝ քաղաքական իրավունքների կրկնակի կրճատում նախատեսող նախագիծը հանրաքվեի դնելը կախված է միայն ձեզնից, մենք մեր պարտքն ենք համարում հորդորել ձեզ չդառնալ հակասահմանադրական՝ հանցավոր ու ապօրինի»,- նշված է ԱԻՄ առաջնորդի ուղերձի մեջ:

Պ. Հայրիկյանը հայտարարեց, թե ինքը հիշում է, որ մեր ժողովրդի համար ծանր ժամանակներում ինչպես էր ներկայիս նախագահը կարողանում արագ ընկալել առողջ առաջարկները և նույնիսկ վճռական քայլեր անել. «1996 թվականին, երբ Իջևանի փողոցները տանկերով էին լցված, ես իր հետ հանդիպեցի և ասացի՝ որպես Ազգային անվտանգության նախարար՝ կհասկանաս, որ սա չարիք է և ամբողջ աշխարհի առաջ խայտառակում է մեր երկիրը: Ինձ թվում էր՝ նա ուղղակի լսում է, բայց կես ժամ անց զանգահարեց ինձ ու ասաց, որ իմ ասածը լսել են, ու տանկերը հանելու են: Ես այդ միջադեպը նկատի ունենալով եմ ասում, որ ինքը պատրաստ էր վճռական քայլեր անել: Դուք այն մարդկանցից չեք, ում հետապնդում են բարդույթներն ու մեծամտությունը։ Դրանից ելնելով՝ մարդկայնորեն հավատում եմ, որ կարող եք գոնե հետաձգել այս ազգային խայտառակությունը, հանգիստ պայմաններում ծանոթանալ նաև մեր ներկայացրած այլընտրանքին»:

ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ սա վերջին նախազգուշացումն է նախագահին՝ «մի փոքր խիստ գրված, բայց բարեկամական»: Նա հիշեցրեց, որ իրենք, սրանից բացի, արդեն 2 ուղերձներ հղել են նախագահին, որոնք մինչ օրս անարձագանք են մնացել. «Այս նամակն էլ անարձագանք թողնելու դեպքում՝ գալիս է արդեն քրեական պատասխանատվության ենթարկելու դատական գործընթացը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Դուք սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող Հանրային ճակատի անդամ եք, ինչո՞ւ այդ նախաձեռնության ուժերը նույնպես Ձեր կողքին չեն հիմա, ԱԻՄ առաջնորդն այսպես պատասխանեց. «Երեկ ես ներկայացրել եմ նրանց, հիմնական մասը հավանություն տվեց, բայց այդպես անակնկալ հրավերներ չեն ուղարկում»:

Տեսանյութեր

Լրահոս