«Շատ ավելի բարոյական կլիներ, որ իրենք իրենց կամքով հրաժարվեին». Վահան Բաբայանը՝ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի մասին

«Նրանք մեր նախկին գործընկերներն են, ու ես չեմ կարծում, որ մենք պետք է այդ հարցը դարձնենք մեծ քննարկման առարկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից հեռացնելու՝ ԲՀԿ որոշման մասին, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ քննարկումներ են եղել, ու երեկ կուսակցության տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Էլինար Վարդանյանին կուսակցության շարքերից. «Մյուս հարցերն արդեն մեր ներքին կուսակցական հարցերն են, ու չէի ցանկանա, որ մենք խորանանք, ինչ-որ բաներ բարդացնենք: Յուրաքանչյուր կուսակցությունում կարող են կատարվել նման բաներ»:

Վ. Բաբայանը կարծում է՝ ԲՀԿ-ում կան տարաձայություններ ու տարակարծություններ՝ կապված տարբեր հարցերի շուրջ. «Բայց դրանք ոչ թե տարաձայնություններ են, այլ զուտ մի բանի առիթ են հանդիսանում, որ տվյալ անձինք ոչ ֆրակցիոն, ոչ կուսակցական գործունեությանն արդեն երկար ժամանակ չէին մասնակցում, ու մենք չէինք ուզում դա դարձնել հանրության քննարկման առարկա, բայց եկավ ինչ-որ սահման, որ այդ ջրբաժանը շատ ավելի երևաց»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ դրվի Է. Վարդանյանին և Ս. Մարգարյանին հանձնաժողովների նախագահների պաշտոններից հանելու հարցը, Վ. Բաբայանը պատասխանեց, որ այդ հարցը բարձրաձայնվել է իրենց կուսակցության որոշ գործիչների կողմից, բայց դեռ նման քննարկում կամ որոշում չկա. «Չի բացառվում՝ դա լինի»: Վ. Բաբայանը, սակայն, չհստակեցրեց՝ ով է այդ հարցը բարձրացրել:

Կարդացեք նաև

«Եթե մարդ ցանկություն չունի աշխատելու ֆրակցիայի հետ, կարծում եմ՝ շատ ավելի բարոյական կլիներ, որ իրենք իրենց կամքով հրաժարվեին այդ ֆրակցիայի նաև պատվիրակությունների կազմից»,- հայտարարեց Վ. Բաբայանը:

Անդրադառնալով Է. Վարդանանի այն հայտարարությանը, թե իրենք կուսակցություններ չեն ներկայացնում պատվիրակություններում, Վ. Բաբայանն ասաց. «Թող մարդիկ չմոռանան, որ պետությունը խորհրդարանի միջոցով ներկայացնում են ընտրված կուսակցությունների միջոցով, այլ ոչ թե պետության անունից: Մարդիկ ընտրվում են կուսակցությունների կողմից և գալիս են խորհրդարան, նրա այդ ասածը զարմանալի է»:

Հարցին՝ իսկ Ձեր նկատմամբ ո՞վ պետք է սանկցիաներ կիրառի, քանի որ դուք ամիսներ առաջ ասում էիք այն, ինչ հիմա Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանն են ասում, Վ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Կա կուսակցություն, կուսակցության ղեկավար մարմիները որոշումներ են կայացնում կուսակցության գծի հետ կապված, կուսակցությունը դա կամավորների միություն չէ, ով ինչ ուզում է՝ անի: Եթե վաղը կուսակցության թիմը որոշի, որ այս հարցի շուրջ պետք է ունենանք այլ կարծիք, քան ունեինք երեկ, բնական է դա, քանի որ դա կուսակցության որոշումն է, ես՝ Վահան Բաբայանս, որն այդ կուսակցության անդամ է, չեմ կարող դեմ գնալ, եթե ես դեմ եմ գնում, պետք է բարոյականություն ունենամ՝ ասեմ՝ ես գնացի»:

Վ. Բաբայանը նաև հայտարարեց, որ այդ երկու պատգամավորների նկատմամբ այս սանկցիաների կիրառումը կապ չունի սահմանադրական բարեփոխումների քվեարկության հետ. «Որովհետև ինչպես՝ տիկին Նաիրա Զոհրաբյանի, այնպես էլ՝ բոլոր պատգամավորների, որոնք այդ օրը քվեարկությանը չեն մասնակցել, մեր ֆրակցիան որոշել է համարել հարգելի, այդ թվում՝ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի չմասնակցությունը նիստին»:

Հարցին էլ՝ տպավորություն չունե՞ք, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն է ուզում պառակտել ձեր կուսակցությունը, Վ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Նախ՝ Ստեփան Մարգարյանը մեր կուսակցությունից չէ, որ պառակտի, իսկ Էլինար Վարդանյանն ընդամենը մեկ գործիչ է, որի լինել կամ չլինելով, ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է պառակտվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս