Սիրիայի բանակը հայտարարել է հարձակումների անցնելու մասին
Սիրիական բանակը հայտարարել է լայնամասշտաբ հարձակումների անցնելու մասին, որի նպատակն է ազատել Սիրիայի բնակավայրերն ու շրջանները, որոնք տուժել են ահաբեկչությունից: Այս մասին հայտնել է Սիրիայի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահը, տեղեկացնում է Reuters-ը:
Վերջինս հայտնել է, որ հարձակումը հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ ռուսական ավիացիայի աջակցության:
Հայտնի չէ, թե հատկապես որտեղ է տեղի ունենալու հարձակումն ու արդյոք այն ուղղված է լինելու ԴԱԻՇ-ի, թե Արևմուտքի հովանավորությունը վայելող ապստամբների դեմ, ովքեր կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ:
Նշենք, որ սիրիական իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր չեն ցանկացել հայտնել իրենց անունը, հայտնել էին, որ Սիրիայի բանակի հարձակումներն սկսել են իրականացվել դեռևս հոկտեմբերի 7-ից:
Հաղորդվում էր, որ հարձակումներն իրականացվել են Համա ու Իդլիբ նահանգներում, որտեղ կենտրոնացած են ապստամբների, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի զորքերը: