Կոալիցիան երկու ավիահարված է հասցրել Եմենում հարսանեկան հանդիսությանը. կան բազմաթիվ զոհեր
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2 ավիահարված է հասցրել Եմենում հարսանեկան հանդիսությանը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 13 մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել Սանբան քաղաքում՝ երկրի մայրաքաղաք Սանայից 100 կմ հարավ-արևելք: Ականատեսներն ասում են, որ հարսանիքը կազմակերպել էր ցեղերից մեկի ղեկավարը, որը աջակցում էր ապստամբ հուսիտներին:
Կոալիցիան դեռ չի մեկնաբանել կատարվածը:
Սեպտեմբերի 28-ին հաղորդվեց այն մասին, որ մեկ այլ հարսանեկան խնջույքին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ: Կոալիցիան, սակայն, հերքում էր իր մասնակցությունն այդ ավիահարվածներին:
Զոհերի թվում կային բազմաթիվ կանայք ու երեխաներ:
Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ռմբակոծում է Եմենի տարածքն այս տարվա մարտից այն բանից հետո, երբ հուսիտները գրավեցին երկրի մեծ մասն ու երկրից վտարեցին նախագահ Մանսուր Խադիին: