
Քոչարյանը հեռանում է ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն վերադառնում է Քոչարյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին առաջին արձագանքողներից մեկը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր, ով, բնականաբար, խոսում էր ոչ թե՝ իր, այլ՝ կուսակցության, իսկ ավելի կոնկրետ՝ նրա նախագահ Սերժ Սարգսյանի անունից: Գնահատելով Քոչարյանի հարցազրույցը, Շարմազանովն ասում է. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել արատավոր համակարգի վերարտադրման արտահայտության վրա: Հիմա ես հարցեր ունեմ՝ եթե արատավոր համակարգի վերարտադրման գործիք է, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, այսօ՞ր է առաջացել, թե՞ տարիներ առաջ, ինչպիսի՞ պայմաններում է առաջացել այդ արատավոր համակարգը: Եթե իրոք համակարգն արատավոր է, ապա ոչինչ չփոխելով՝ ինչպե՞ս պետք է պայքարել այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ»:
Շարմազանովն առանց այլևայլությունների՝ Քոչարյանին պատասխանում է՝ եթե համակարգն արատավոր է (ուշադրություն դարձրեք՝ ՀՀԿ խոսնակը, ըստ էության, չի հերքում այդ գնահատականը, չի փորձում հակառակը համոզել), ապա դրա ստեղծողը դու ես, եթե ՀՀԿ-ն է արատավոր համակարգի պատասխանատուն, ապա գոնե ներկայիս տեսքով ՀՀԿ-ի ստեղծողը ևս երկրորդ նախագահն է (նա ինքն է իր հարցազրույցներից մեկում հայտարարել, որ 2007 թվականին ՀՀԿ-ի ցուցակի թեկնածուների անունները համաձայնեցվել են իր հետ):
Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցով փորձել է իրեն հնարավորինս հեռացնել ՀՀԿ-ից, ցույց տալ, որ որևէ օրգանական կապ չունի իշխող համակարգի հետ: Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խոսնակը, իմա՝ Սերժ Սարգսյանը՝ անմիջապես հակադարձել է՝ հիշեցնելով, որ հենց Քոչարյանն է գործող համակարգի հիմնադիրը:
Այսինքն՝ որքան Քոչարյանն ինքն իրեն հեռացնում է ՀՀԿ-ից, այնքան ՀՀԿ-ն վերադառնում է Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ոչ թե՝ որպես քաղաքական հենարան, այլ արդեն՝ որպես ախոյան: Դա, ինչպես հայտնի է, կոչվում է բումերանգի էֆեկտ: