
«Երկրորդ նախագահի հարցազրույցում գերկաշռող էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ՝ չարիք, լճացման աղբյուր, վերարտադրություն». Շարմազանով

«Ես ծանոթացա նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը և համադրեցի այդ երկու գնահատականները: Ի տարբերություն Հանրապետության երկրորդ նախագահի մեկ հարցանի հարցազրույցի, Վենետիկի հանձնաժողովի կողմից կար գնահատական, միջազգային փորձ, տեսլական: Ի տարբերություն Վետենիկի հանձնաժողովի գնահատականի, երկրորդ նախագահի հարցազրույցում կային և գերկաշռող էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ՝ չարիք, լճացման աղբյուր, վերարտադրություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարակված հարցազրույցի մասին, որում քննադատվում են սահմանադրական փոփոխությունները:
Ըստ նրա, այնուամենյանիվ, այդ մեկ հարցանի հարցազրույցում հստակ երևում էր երկրորդ նախագահի հարցազրույցի անկյունաքարը, որը հետևյալ պնդումն էր, որ այս Սահմանադրությունը պետք չի փոխել, որովհետև նոր Սահանադրությունը դառնում է արատավոր համակարգի վերարտադրման գործիք.
«Խնդրում եմ ուշադրություն դարձնել արատավոր համակարգի վերարատադրման արտահայտության վրա: Հիմա ես հարցեր ունեմ՝ եթե արատավոր համակարգի վերարտադրման գործիք է, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, այսօ՞ր է առաջացել, թե՞ տարիներ առաջ, ինչպիսի՞ պայմաններում է առաջացել այդ արատավոր համակարգը: Եթե իրոք համակարգն արատավոր է, ապա ոչինչ չփոխելով՝ ինչպե՞ս պետք է պայքարել այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ»:
Միաժաանակ, Է.Շարմազանովի խոսքով, իր համար հասկանալի են երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, քանի որ մարդ շատ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ու որի հիմքում ինքն է եղել: Հարցին, թե ի՞նչ սև կատու է անցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, Շարմազանովը պատասխանեց, թե ոչ մի սև կատու ինքը չի տեսել, պարզապես գնահատականներ է հնչեցնում: Ըստ նրա՝ Քոչարյանի իրավունքն է մասնակցել 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, իրենք ո՛չ միջամտելու են, ո՛չ էլ ողջունելու: Շարմազանովն «անհեթեթություն» անվանեց Քոչարյանի դիտարկումը, որ նոր Սահմանադրությամբ միակուսակցական համակարգ է ձևավորվելու՝ որպես ապացույց բերելով երեկվա քվեարկությունը: