
Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին ազատ է արձակվել 1 մլն դրամի չափով գրավի դիմաց

Գորիսի Սղդի գյոլ տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանը գրավով ազատ է արձակվել: 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ իրենք առաջարկել են 500 հազար դրամ գրավ կիրառել, սակայն դատարանը գրավի չափ է սահմանել 1 մլն դրամը:
Նշենք, որ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար: Նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Դերենիկ Հակոբյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին է: