Իսլամիստ զինյալներն առաջին հարվածն են հասցրել Սիրիայում ռուսական ավիաբազային
Սիրիայում ռուսական ավիաբազան ենթարկվել է իսլամիստ զինյալների առաջին հարվածներին «Գրադ» համակարգերի միջոցով, հայտնում է Die Welt-ը:
Մասնավորապես, ըստ Die Welt-ի թղթակից Ալֆրեդ Հաքենբերգի, իսլամիստական «Ահրար աշ-Շամ» կազմակերպության զինյալները «Ալլահ Աքբար» կոչերով կրակում են Լաթաքիայի մոտ գտնվող «Խմամիմ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ռուսական ռազմական ինքնաթիռներն ուղևորվում են ռմբակոծելու սիրիացի ապստամբներին:
«Նրանց նպատակն է գրոհել ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի դիրքերը ու ոչ թե մրցակից զինված խմբավորումները, այլ ռուսական ավիաբազան»,- ասվում է ռեպորտաժում:
Ինչպես նշում է հեղինակը, ռուսական օդանավակայանի գնդակոծումը «Գրադներից» սկսվել է 1 շաբաթ առաջ մերձակա լեռներից, իսկ հանգստյան օրերին դրա ինտենսիվությունն ուժեղացել է:
«Գրադները» իսլամիստները խլել էին սիրիական բանակի պահեստներից:
Նշվում է, որ 1 օրում օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 49 արկ, ապստամբների թիրախը եղել է թռիչքուղին, սակայն վերջիններս չեն հաջողել:
Ընդամենը 2 արկ է պայթել ավիաբազայի մերձակայքում, հայտնել են Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնից:
Լրագրողի տեղեկություններով՝ ապստամբների դիրքերը լեռներում գտնվում են ավիաբազայից ընդամենը 40 կմ հեռավորության վրա:
«Ամեն ոք, ով հեղում է սիրիացու արյուն, հանդիսանում է մեր թիրախը»,- հայտարարել է ռուսական ավիաբազան կրակի տակ վերցրած ապստամբների հրամանատարը:
Մինչ այդ, ինչպես նշում է Die Welt-ը, Լաթաքիայի մերձակա լեռներում կան մի քանի խմբավորումներ, որոնք իրենց հաշիվներն ունեն Ռուսաստանի հետ: Դրանք չեչեն իսլամիստներ են, պնդում է պարբերականը: