
Թուրքիան Ռուսաստանից բացատրություններ է պահանջում ինքնաթիռի նոր ներխուժման համար

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նորից են հրավիրել բացատրություններ տալու, այս անգամ արդեն երկու օրում երկրի օդային տարածքը խախտելու երկրորդ փորձի պատճառով: Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է խախտել Թուրքիայի օդային տարածքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկությունների՝ ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է անցել Թուրքիայի տարածքով անցած կիրակի օրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեյ Կառլովին արդեն հրավիրել էին Թուրքիայի ԱԳՆ բացատրություններ տալու, թե ինչ կերպ է ռուսական ինքնաթիռը հայտնվել թուրքական տարածքում:
Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն քննարկել է այդ դեպքը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ՆԱՏՕ-ի իր առանցքային գործընկերների հետ:
Ինչպես պնդում են Անկարայում, Կրեմլի ներկայացուցիչները թուրքական իշխանություններին հայտնել են, որ շաբաթօրյա դեպքը եղել է սխալմունք՝ կապված վատ եղանակի հետ, բացի այդ, ռուսական ինքնաթիռը թուրքական տարածքում գտնվել է ընդամենը մի քանի վայրկյան:
Մոսկվան դեռ չի արձագանքել երկրորդ ներխուժման փաստին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհանգստություն է հայտնել Թուրքիայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների առնչությամբ:
Քերիի խոսքով՝ ռուսական կործանիչը կարող էր խփվել թուրքական ավիացիայի կողմից: