Բաժիններ՝

«Աստրոմափս» ընկերության ստեղծած ռազմական նշանակության հատուկ սարքերը կապահովեն սահմանի ամրությունն ու անվտանգությունը

«ԴիջիԹեք 2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսի մասնակից ընկերություններից մեկի՝ «Աստրոմափսի» («Astromaps») տաղավարում ենք:

«Աստրոմափս» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերությունն իրականացնում է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ, այդ թվում՝

  • Կարևոր օբյեկտների պահպանման օպտիկաէլեկտրոնային տեսահսկման համակարգերի նախագծում և պատրաստում
  • Ուղղաթիռների, ինքնաթիռների և տիեզերանավերի համար նախատեսված օպտիկաէլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ ժամանակակից փոքր արբանյակների կողմնորոշման համակարգերի բարձր ճշտության տպիչների նախագծում և պատրաստում
  • Տարբեր կիրառության գիրոկայունացված հարթակների նախագծում և պատրաստում
  • Տարբեր նշանակության մեծ չափերի փուլավորված անտենային ցանցերի անտենապտտական համակարգերի նախագծում
  • Հաստատուն և փոփոխական հոսանքի սերվոշարժաբերների հիման վրա աշխատող բարձր ճշտության ավտոմատ ղեկավարման համակարգերի նախագծում
  • Լազերների համար նախատեսված բարձր արդյունավետության 400-4000 Վտ հզորության հոսանքի աղբյուրների նախագծում և պատրաստում
  • Հզոր քսենոնային լամպերի սնման աղբյուրների նախագծում և պատրաստում:

168.am-ը զրուցեց ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանի հետ, ով մեզ պատմեց և ցույց տվեց ռազմական նշանակության օպտիկական մի քանի սարքեր, ինչպես նաև տեղեկացրեց այն մասին, որ ընկերությունը նախագծում և պատրաստում է շուրջօրյա հսկողության օպտիկաէլեկտրոնային համակարգեր, խոշոր չափսերի ՓԱՀ ԱՓԱՀ նախատեսված պտտահենարանային համակարգեր, գիրոկայունացված հենահարթակներ, արբանյակների կողմնորոշման համակարգերի բարձր ճշտության տվիչներ, հատուկ վիբրոմեկուսացված օպտիկական սեղաններ հորիզոնական դիրքի ավտոմատ կարգավորմամբ, սնման աղբյուրներ լազերների և մեծ հզորության քսենոնային լամպերի համար.

Astromaps3 Astromaps4

Կարդացեք նաև

«Այս տաղավարում առկա բոլոր սարքերը նախագծվել և պատրաստվել են մեր ընկերության կողմից: Բարձր տեխնոլոգիական կոմպոնենտները, որոնք հնարավոր չէ տեղում ստեղծել, օրինակ՝ «Sony» ֆիրմային տեսախցիկները և այլ կոմպոնենտներ, որ օգտագործվում են մեր սարքերի պատրաստման ընթացքում, բերվում են դրսից: Սրանք ռազմական գործին օժանդակ հատուկ նշանակության տեխնիկական սարքեր են, օրինակ՝ ուղղաթիռների վրա տեսախցիկներ ու եռաչափեր տեղադրելու համար՝ հնարավորություն տալով դրանց զգալի հեռավորությունից մտնել մարտի մեջ, ասենք՝ տանկի հետ՝ չմտնելով տանկի խոցային զոնայի մեջ: Այսինքն՝ այս սարքը հնարավորություն է տալիս ուղղաթիռներին մարտական պայմաններում կյանքի տևողությունը մի քանի անգամ երկարացնել: Հաջորդ սարքը, որ նույնպես նախագծվել և պատրաստվել է մեր ընկերության կողմից, 3 կմ հեռավորությունից սահմանները վերահսկելու համար է: Սարքը հնարավորություն է տալիս գիշերային պայմաններում 360˚ ճշգրտությամբ հայտնաբերել սահմանին մոտ հայտնված դիվերսանտին կամ դիվերսիոն խմբերին: Սարքը նախատեսված է շփման գծից 2 կմ հեռավորությամբ օգտագործման համար, դիպուկահարների պատճառած վնասներից զերծ մնալու համար»:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք սարքերն այս պահին կիրառության մեջ օգտագործվում են բանակում, «Աստրոմափս» ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանը պատասխանեց, որ սրանք այս պահին եղած միակ օրինակ սարքերն են, և, եթե Պաշտպանության նախարարությունը հետաքրքրվի դրանցով, ապա ընկերության կողմից համապատասխան քանակով ապահովումը խնդիր չի լինի: Հայ ծրագրավորողները Սինգապուրի համար նաև ծովային անօդաչու սարք են ստեղծել: Նրանք պատրաստ են նաև Հայաստանի զինված ուժերի համար նմանօրինակ սարքեր ստեղծել. ՀՀ Պաշտպանության նախարարությանն առաջարկ են արել, սակայն դեռ արձագանք չեն ստացել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս