Հայ ինժեներները վարորդներին օգնող նոր համակարգեր են մշակել
Հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպեց «ԴիջիԹեք-2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսը, որն իրականացվում է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ «ԴիջիԹեքն» այս տարի բացառիկ էր և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:
Եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում էր «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ էր միավորել շուրջ 170 ընկերություն և 40 հազար այցելուների: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո», National Instruments, և այլն), մասնակցում էին նաև մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):
168.am-ը ցուցահանդեսի ընթացքում զրուցեց մասնակիցների հետ, որոնց թվում էր նաև ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացած «Ֆայմտեք» («Fimetech») ընկերությունը: «Ֆայմտեքը» ներկայացնում էր միանգամից 2 սեփական նախագիծ՝ «Indoor/Outdoor Positioning and Mapping» (without GPS) փակ և բաց տարածքներում տեղայնացում և քարտեզագրում (առանց GPS) և «Driver Assistance System» վարորդին օգնող համակարգեր:
168.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը պատմեց նախագծերի մանրամասների մասին.
«Մեր ներկայացրած առաջին նախագիծն աշխատում է բոլոր այն վայրերում, որտեղ GPS համակարգը չի աշխատում: Դրանք կարող են լինել օդանավակայանները կամ առևտրային մոլերը: Ծրագիրը թույլ է տալիս մարդուն ճիշտ կողմնորոշվել՝ որտե՞ղ է ինքը, և ինչպե՞ս առաջնորդվել կոնկրետ տեղանքը գտնելու համար: Ծրագիրը շատ ակտուալ է նաև լեռնային տեղանքներում, որտեղ նույնպես GPS համակարգը չի գործում: Երկրորդ նախագիծը նախատեսված է վարորդներին օգնելու համար: Վերջին մոդելի մեքենաներն ունեն բազմաթիվ հնարավորություններ և ֆունկցիաներ, որոնք օգնում են վարորդներին վթարներից ու անցանկալի դեպքերից խուսափել: Մեր ստեղծած ծրագրով մենք հնարավորություն ենք տալիս այդ նույն ֆունկցիաների 50 տոկոսից ավելին տեղայնացնել կամայական մեքնաների մեջ և ստանալ ցանկալի արդյունքներ: Այսինքն՝ պարտադիր չէ, որ դուք ունենանք ամենավերջին մոդելի մեքենա, որպեսզի, օրինակ, քնելուց այն ազդանշան հաղորդի, և վարորդն արթնանա: Կա նաև հատուկ ծրագիր, որն օգնում է գտնել մեքենային մոտեցող վարորդին, օգնում է՝ դռները ավտոմատ կերպով բացվեն, և այլն»:
Տեղեկացնենք, որ «Ֆայմտեք» («Fimetech») ընկերությունը մասնագիտացած է հետևյալ ոլորտներում՝ կոմպիլյատորներ, էլեկտրոնային սարքավորումների նախագծման ավտոմատացում, ներդրված ծրագրավորում, նեյրոնային ցանցեր, պատկերների մշակում, թվային ազդանշանում, զուգահեռ ծրագրավորում: Թիմը բաղկացած է բարձրակարգ ճարտարագետներից, ովքեր նշված ոլորտներում ունեն մոտ 10 տարվա աշխատանքային փորձ: