Բաժիններ՝

«Փլեյլենդ Արմենիա»՝ հայ երեխաների առցանց խաղահրապարակ

«DigiTec 2015» հայաստանյան ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որի կազմակերպիչն է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է աշխարհի հայ երեխաների առցանց խաղահրապարակի առաջին տարբերակը՝ «Փլեյլենդ Արմենիա» խաղը, որը ստեղծվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:

Հավելվածը՝ վիրտուալ աշխարհ է, որը երեխաներին թույլ է տալիս խաղալ, սովորել, շփվել միմյանց հետ թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան երեխաները, անկախ լեզվական գիտելիքներից, հնարավորություն կունենան բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրել հայոց լեզուն և մշակույթը: Նրանք նաև կարող են ընկերանալ, շփվել, կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայալեզու իրենց տարեկիցների հետ՝ այդպիսով վերացնելով լեզվական իմացության խնդիրը:

Հավելվածում երեխաները հանդես են գալիս կատուների կերպարներով, ովքեր խաղալով՝ միավորներ են վաստակում և սովորում են հայերեն: «Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել նաև երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Ըստ այդմ ՝ երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ կարող են գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:

«Փլեյլենդ Արմենիան» նոյեմբերին կթողարկվի Android, iOS հարթակների համար, իսկ մինչև տարեվերջ հասանելի կլինի նաև կայքի տեսքով։ Խաղն անվճար է, սակայն խաղի ներսում կարելի է գնել հավելյալ հնարավորություններ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս