Դպրոցահասակ երեխաները գույները տարբերող խաղ-ռոբոտ են ստեղծել
«ԴիջիԹեք 2015» տեխնոլոգիական 11-րդ ամենամյա ցուցահանդեսին, ծրագրավորող ընկերությունների կողքին, իրենց աշխատանքները ներկայացրեցին նաև դպրոցահասակ երեխաները: Մխիթար Սեբաստացի կրթահամալրի սաները գույները տարբերող խաղ-ռոբոտ են ստեղծել, որը միջին դպրոցում սովորողների ինժեներատեխնիկական ստողծագործության դասընթացի արդյունքն է: Կրթահամալիրն այս տարի ներկայանում էր միանգամից երկու ծրագրով:
Այս մասին Մխիթար Սեբաստացի կրթահամալրի տաղավարից 168.am-ին պատմեց կրթահամալիրի ներկայացուցիչը. «Այս տարվա ցուցահանդեսին մենք ներկայացել ենք՝ որպես «ԴիջիԹեքի» մամուլի կենտրոն: Մեր տաղավարում և առհասարակ ցուցահանդեսի ողջ տարածքում աշխատել են կրթահամալիրի ռադիո խմբագրությունները, որոնք մեր պաշտոնական կայքի միջոցով սփռել են օտարալեզու լուսաբանումներ, ֆոտոշարքեր և ցուցահանդեսի եռօրյա ընթացքը լուսաբանող ռադիոռեպորտաժներ: Բացի այդ, կրթահամալիրի ներսում գործում է «Robot X» ակումբը, որտեղ մեր սաները զբաղվում են ռոբոտաշինությամբ, և այս տարի ցուցահանդեսին ներկայացրեցինք նաև գունավոր գնդակներ հավաքող մեր ռոբոտ խաղը»:
Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» Էքսպո բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005-ից: Ցուցահանդեսը մշտապես անցկացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո: «ԴիջիԹեք»-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: