«Առկա է զսպող գործոնների մի ամբողջ փունջ, որը Բաքուն չի կարող անտեսել»

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում իրադրության սրացումն ու Ադրբեջանի նոր ռազմավարությունը (խոշոր տրամաչափի զենքի կիրառումը): Տեսակետ կա, որ այս լարվածությունը չի վերաճի լայնամասշտաբ պատերազմի, սակայն դեռ կշարունակվի: Ի՞նչ արդյունքի կարող է հասնել Ադրբեջանն այս ագրեսիայով, և հայկական կողմի պատասխանն արդյոք համարժե՞ք է, հնարավո՞ր է Ադրբեջանին պարտադրել նոր պայմաններով զինադադարի պայմանագիր կնքել:

– Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է պատմական էքսկուրս կատարել ու հիշել Ռոբերտ Ակսելրոդի խաղերի տեսությունը, ով այդ ոլորտի լավագույն մասնագետներից է: Դեռ 1970-ական թվականներին համակարգչային ավելի քան հազար սիմուլյացիաների միջոցով փորձարկել է մի խաղի մասնակիցների վարքը, որ հայտնի է «բանտարկյալի երկընտրանքը» անվանմամբ:

Չմանրամասնելով այդ խաղը, հակիրճ ասեմ, որ խաղացողները կարող են շահել համագործակցությունից, մեր դեպքում՝ զինադադարի պահպանումից, երբ կողմերը չեն կրում կորուստներ, կամ կարող են խախտել զինադադարը՝ հավասար մեծ կորուստներով, և, ի վերջո, հնարավոր են երկու այլ տարբերակներ, երբ զինադադարը խախտողներից մեկը կրում է շատ ավելի մեծ կորուստներ, քան մյուս կողմը:

Ակսելրոդը հանգել էր եզրակացության, որ եթե խաղը մեկանգամյա է, և կողմերն անտարբեր են իրենց հարաբերությունների հանդեպ, ապա անորոշության և կորստի վտանգի պայմաններում երկու կողմն էլ կխուսափի համագործակցությունից: Սակայն, եթե խաղը կրկնվում է բազմակի անգամ, իսկ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում շփման գծում, ապա երկու կողմն էլ կարող են ստանալ ավելին և/կամ ավելի լավը, եթե նրանք սկսեն համագործակցել: Համագործակցության համար պարտադիր պայմանը վստահությունն է, այսինքն՝ համոզվածություն նրանում, որ մյուս կողմը չի օգտվի զինադադարից՝ մեզ համար մեծ կորուստներ սպառնացող տարբերակ պարտադրելու համար:

Ըստ Ակսելրոդի՝ նման խաղերում լավագույն ռազմավարությունն այն է, որ պատասխանը լինի «հայելային», «ակն ընդ ական», բայց միաժամանակ թողնել հնարավորություն խաղը դեպի համագործակցության կողմ շրջելու համար, և ոչ թե` դեպի էսկալացիա: Սա կիրառելով մեր իրադրության դեպքում, եթե հակառակորդի կողմից զինադադարի խախտումները հանգեցնում են մեր կողմից զոհերի, ապա պատասխանը պետք է համարժեք լինի: Միաժամանակ, խնդիրն այն չէ, որ մեր յուրաքանչյուր զոհված զինվորի դիմաց զոհվի ադրբեջանական տասը կամ ավելի զինվոր՝ բազմոցային ռազմավարների վրեժի զգացումը բավարարելու համար:

Մեր հակառակորդն ավելի քիչ զգայուն է մարդկային կորստի հանդեպ: Այդ պատճառով համարժեք պատասխան հարկ է համարել այնպիսի հարվածը, որը նրա համար զգայուն ու էական կլինի, օրինակ, թույլ չի տա այսուհետ զինադադարը խախտել այդ դիրքից: Այս խաղը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել սրացման, և իրադրությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի՝ հակառակորդի կողմից ծանր հրազենի կիրառմամբ:

Սակայն իրականում Ադրբեջանը պատրաստ չէ անցնել լայնամասշտաբ պատերազմի: Առկա է զսպող գործոնների մի ամբողջ փունջ, որը Բաքուն չի կարող անտեսել: Սակայն նրա անպատրաստության ամենապարզ հիմնավորումն այն է, որ եթե նրանք կարողանային, ապա արդեն իսկ սկսած կլինեին լայնամասշտաբ պատերազմ: Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք շարունակում «բարձրացնել ջերմաստիճանը»: Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ նրանք սխալվել են մեր կողմից հնարավոր կոշտ պատասխանի հարցում, քանի որ թյուրիմացաբար կարծում են, որ հայկական կողմը «կուլ կտա» նաև սա՝ լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար: Հավանաբար, չափից շատ են լսել Վահան Մարտիրոսյանին:

Մեզ, իսկապես, լայնամասշտաբ պատերազմ բոլորովին հարկավոր չէ, սակայն, ինչպես նույն Ակսելրոդը ցույց է տվել հարուստ էմպիրիկ նյութի վրա, հենց սրացումից խուսափելու համար անհրաժեշտ է մյուս կողմին համոզիչ ցուցադրել, որ, եթե համագործակցության կոչերը (զինադադարի պահպանումը), որը թույլ կտա նվազագույնի հասցնել կորուստները, նրանք չեն հասկանում, ապա կարելի է պատասխանել նույն մանրադրամով: Միակողմանի զիջումների և անգամ հավասարազոր պատասխանի վտանգն ակնհայտ է. մյուս կողմը դրանք ընկալում է, որպես թուլություն՝ բոլոր հնարավոր հետևանքներով, իսկ ավելի ճշգրիտ` հանգեցնում է հակառակորդի ավելի ագրեսիվ գործողությունների:

Պատկերավոր լինելու համար օրինակ բերեմ Առաջին համաշխարհային պատերազմից. 1914 թվի ցրտաշունչ աշնանը, երբ մարտերի 5-րդ ամիսն էր, Ֆրանսիայի հարավում` Աիսնայում, ճակատամարտից հետո սկսվել էր դիրքային խրամատային պատերազմ: Տասնյակ կիլոմետրեր ձգվող խրամատները լի էին առնետներով, իսկ գերմանացիներին անգլիացիներից բաժանում էր մի քանի հարյուր մետր չեզոք գոտին` քայքայվող դիակներով: Գրեթե ամեն օր գերմանացիներն ու անգլիացիները հերթով դուրս էին գալիս հարձակումների և մեծ կորուստներով վերադառնում էին իրենց խրամատներ, իսկ սահմանի գիծը ոչ մի մետր չէր փոփոխվում: Խաղի փոփոխության համար առաջին քայլն արեցին անգլիացիները: Մի առավոտ նախաճաշի ժամանակ նրանք դադարեցրին հրաձգությունը:

Գերմանացիները շարունակում էին կրակել, ինչպես միշտ, բայց ի պատասխան` լռություն էր, և միայն նախաճաշից հետո անգլիացիները պատասխան կրակ բացեցին: Այդպես շարունակվեց ևս երկու օր: Ընդ որում, անգլիական դիպուկահարները նախաճաշի ընթացքում մի քանի դիպուկ կրակոցներ էին արձակում գերմանական խրամատների մոտ՝ փայտերի վրա: Այս «հաղորդագրության» իմաստը պետք է ընկալելի լիներ գերմանացիների համար. կարող ենք ձեզ հետ խոսել նաև այս լեզվով, բայց գերադասում ենք նախաճաշել` առանց հրաձգության: Երրորդ օրը գերմանացիները նույնպես դադարեցին կրակել նախաճաշի ժամանակ: Հետագայում, Սուրբ ծնդյան տոներին մոտ հաստատվեց հրադադար և համակարգ, որը պատմությունից հայտնի է` որպես «ապրիր և թույլ տուր ապրել մյուսներին»: Չնայած նման զինադադարներ ինքնըստինքյան բազմաթիվ անգամներ տեղի էին ունենում

Առաջին համաշխարհայինի ճակատներում, դրանք չբերեցին անիմաստ պատերազմի ավարտին: Կարևոր է հասկանալ, թե դա ինչպես էր տեղի ունենում Ակսելրոդի նկարագրածին համապատասխան: Ադրբեջանցիները գերմանացիներ չեն, և, ցավոք, այս պարզ ռացիոնալ ճշմարտություններն Ալիևների ռեժիմը դեռ շուտ չի հասկանա: Սա խաղի դրական փոփոխության հիանալի գործնական ուսուցողական օրինակ է նաև նրանով, որ խաղաղության հասնելու համար հարկավոր է ոչ թե թույլ տալ մյուս այտին ապտակել, այլ համարժեք պատասխան տալ՝ միաժամանակ հակառակորդին ցույց տալով, որ զինադադարն ու խաղաղությունն առավել շահավետ են, թեև լայնամասշտաբ պատերազմին մենք գործնականում նույնպես պատրաստ ենք: Նման կոշտ համարժեք ասիմետրիկ պատասխան գործողությունների կիրառման մոտեցումը պետք է նպաստի նաև հակառակորդի վրա դիվանագիտական ճնշման մեծացմանը` ստիպելով նրան պահպանել զինադադարը:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ի՞նչ ուղերձներ էր այն պարունակում, և արդյո՞ք բավարար էին դրանք: Դուք ի՞նչ կավելացնեիք այդ ելույթին:

– Նախագահ Սարգսյանը հիանալի տեքստ կազմող օգնականներ ունի, և թիմը, որ պատրաստել էր 14-րոպեանոց ելույթը, գերազանց էր աշխատել: Հատկապես կարևոր էր ՄԱԿ-ի ԳԱ բարձր ամբիոնից նախագահի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից հերթական խախտումից հետո միջնորդ երկրների՝ զինադադարը պահպանելու հերթապահ կոչերը հակամարտող կողմերին, ոչ այլ ինչ է, քան ագրեսորի հրահրում՝ զինադադարը կրկին խախտելու համար: Նախագահ Սարգսյանի ելույթը չափավոր կոշտ և անկեղծ էր. Ադրբեջանի իշխանությունների նման պահվածքը չի կարող անպատիժ մնալ: Հայաստանն ամբողջովին իրավունք ունի ինքնապաշտպանության, դուրս գալ անարդյունավետ բանակցային գործընթացից և ճանաչել ԼՂՀ-ն: Այս պարտադրված քայլերը կմեծացնեն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որը շահավետ չէ ո՛չ կողմերին, ո՛չ էլ միջնորդ երկրներին:

– Ռուսաստանի դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում, հնարավո՞ր է՝ ՌԴ-ն միանձնյա որոշում կայացնի հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահների տեղակայման մասին, առավել ևս, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում, մասնավորապես` Սիրիայում, օգտագործելու համար:

– Այս հարցերն ուղիղ կապված չեն: ՌԴ Դաշնային խորհրդի որոշման մեջ ասվում է, որ ՌԴ նախագահն իրավունք ունի ԶՈՒ կիրառել ՌԴ սահմաններից դուրս «միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր սկզբունքների հիման վրա», իսկ դա ենթադրում է կամ համապատասխան միջազգային կազմակերպության մանդատի առկայություն, կամ կողմերի համաձայնություն: Ինչո՞ւ որոշման մեջ հստակ նշված չէ Սիրիան: Թեկուզ նրա համար, որովհետև ՌԴ ԶՈւ-ն կարող է Իսլամական պետության դեմ կիրառվել այլ երկրների տարածքում ևս՝ Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի: Չեմ կարծում, որ տվյալ պարագայում Մոսկվան միակողմ որոշում կկայացնի մեր դեպքում ևս:

– Ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային հանրությունից մեր դեպքում:

– Մենք չպետք է պատրանքներ ունենանք ամորֆ «միջազգային հանրության» համարժեք արձագանքի առումով: Պետք է հույս դնել միայն սեփական ուժերի և հնարավորությունների վրա: Միաժամանակ այս փուլում կպահանջվի հայկական դիվանագիտության զգալի ակտիվացում բոլոր ուղղություններով` Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկվող հիմնավոր պատասխան քայլերի մասին միջազգային կազմակերպություններին և հատկապես գործընկերներին ավելի գործնական տեղեկացնելու նպատակով: Պարտադիր չէ, որ այդ քայլերը սիմետրիկ լինեն Ադրբեջանի գործողություններին: Այդ երկրների ու կազմակերպությունների արտաքին քաղաքական զինանոցում կան գործիքներ, որոնք կարող են սթափեցնել և սանձել ագրեսորին:

Տեսանյութեր

Լրահոս