«Ջան բալես, բալես…». Գալուստ Սահակյանի նվերը Սուրեն Խաչատրյանին

«Սյունիքի մարզպետին այս դեպքում պետք է ձեր տեսադաշտում ընդունեք ոչ թե՝ որպես մարզպետ, այլ ծնող: Մեզանից յուրաքանչյուրը սուբյեկտիվ վերաբերմունք ունի իր երեխայի նկատմամբ: Խափանման միջոցը չի նշանակում, որ դեռևս գործընթացները չկան: Ինչ-որ մի մաս կա, որը չի սիրում մարզպետին, և վերագրում է, որ ինչ-որ անհասկանալի, արդարադատությունից դուրս երևույթներ են տեղի ունենում, ես այդ կարծիքին չեմ»,- նախօրեին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով սեփական որդու ազատ արձակումից հետո Սուրեն Խաչատրյանի արած այն հայտարարությանը, որ արդարությունը վերականգնվեց:

Ու չնայած ընդհանրապես Գալուստ Սահակյանի հայտարարությունները հասկանալը սիզիփոսյան աշխատանք է, սա այն դեպքերից է, երբ նա իր անհասկանալի լեզվամտածողությամբ, այդուհանդերձ, արտահայտում է ճշմարտությունը:

Իշխանական ճշմարտությունը:

Մեր իշխանության դեպքում՝ ոչ թե ճշմարտությունը, այլ ճիշտը: Իսկ ճիշտը, ինչպես հայտնի է, «մի հատ ա», ու, ինչպես մեր պաշտոնյաների մեծամասնությունն է ասում, «հիվանդանում է, բայց չի մեռնում»:

Սուրիկ Խաչատրյանը ոսկեղենիկ մայրենիով հենց դա է ասել՝ արդարությունը վերականգնվեց: Բայց Գալուստ Սահակյանի գնահատականն իրականում վերաբերում է ոչ թե՝ Սուրեն Խաչատրյանին, այլ Հայաստանի քաղաքական էլիտային ընդհանրապես: Այն իմատով, որ այդ էլիտայի ներկայացուցիչները՝ պաշտոնյաները, հանդես են գալիս ոչ թե՝ որպես պաշտոնյաներ, որոնք նաև ընտանիքի հայրեր ու ծնողներ են, այլ հայրեր, որոնք հանուն իրենց զավակների ու ընտանիքների՝ տարբեր պաշտոններ են զբաղեցնում:

Սա սկզբունքային տարբերություն է, մտածողության, աշխարհայացքի տարբերությունն է, որն ընկած է Հայաստանի բոլոր դժբախտությունների ակունքներում: Մեր բոլոր պաշտոնյաներն իրենց ընտանիքների, հարազատների, մտերիմների համար բացառիկ, անփոխարինելի «լավ մարդիկ են», որովհետև կարողանում են իրենց միկրոմիջավայրի համար ապահովել կյանքի այնպիսի պայմաններ, որոնց մասին կերազեն անգամ գերտերությունների առաջնորդների մերձավորները: Բայց դա նրանք անում են պետության, հասարակության հաշվին:

Ու ստացվում է՝ որքան վատ՝ պետության, քաղաքացիների համար, այնքան լավ՝ պաշտոնյաների ընտանիքների ու մերձավորների համար: Պետական կառավարման ու Քրեական օրենսգրքի տերմինաբանությամբ սա կոչվում է պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնական լիազորություններն անձնական շահին ստորադասելու հանցավորություն:

«Մեզանից յուրաքանչյուրը սուբյեկտիվ վերաբերմունք ունի իր երեխայի նկատմամբ»,- արդարացիորեն ու զարմանալիորեն հասկանալի ասում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի Հանրապետության հայրերի գերակշիռ մեծամասնության համեմատ՝ այնքան սուբյեկտիվ է իր որդիների նկատմամբ, որ մեկը փոխանախարար է, մյուսը՝ նախարարին հավասար վարչության պետ:

Բայց Սուրիկ Խաչատրյանի համեմատ՝ Գալուստ Սահակյանն իսկական մարդասիրության փարոս է: Նրա որդիները ոչ միայն մարդ չեն սպանում, այլ նույնիսկ աչք չեն հանում: Իսկ Սուրիկ Խաչատրյանի սուբյեկտիվիզմը՝ երևի պայմանավորված լեռնային բնավորությամբ, այլ դրսևորումներ ունի: Նրա որդին ոչ միայն «ապահովված է», ինչպես մյուս բոլոր իշխանական որդիները, այլև մարդկանց կյանքին ու առողջությանը վնասելու սովորություններ ունի: Բայց մեղավորը ոչ թե Սուրիկ Խաչատրյանն է, ոչ էլ, առավել ևս, նրա որդին, այլ հասարակությունը, լրատվամիջոցները, որոնք օբյեկտիվորեն չեն վերաբերվում պաշտոնյաներին և մոռանում են, որ նրանք ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ այնքան պաշտոնյաներ են, որքան ծնողներ:

Իսկ ծնողը, ինչպես հայտնի է, սրբություն ա: Ու ընդհանրապես, Հայաստանին ոչ թե սահմանադրություն ու օրենքներ են պետք, այլ «ճշտի» ուղեցույցներ: Ի դեպ, Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ՝ դրանցից մեկը կարող է դառնալ պաշտոնյաների սիրելի «Ջան բալես, բալես…» երգը, որի հեղինակին անարդարացիորեն մինչև օրս ժողովրդական կամ, գոնե, վաստակավոր արտիստի կոչում չեն շնորհել:

Տեսանյութը՝ 1in.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս