Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար հոկտեմբերի 3-ը, իրավամբ, նշանակալի օր է: 25 տարի առաջ` 1990 թվականին այդ օրը, իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այն նաև եվրոպական և համաշխարհային նշանակության իրադարձություն էր, քանզի բեռլինյան պատի փլուզումը ազդարարեց տոտալիտար վարչակարգերի մի ամբողջ դարաշրջանի ավարտը` սկիզբ դնելով Արևելյան Եվրոպայի պետությունների ազատ ու ժողովրդավարական զարգացմանը և իր ազդեցությունը թողեց համաշխարհային հետագա գործընթացների վրա: Այսօր միացյալ Գերմանիան միջազգային բեմահարթակում կարևոր դերակատար է, ակտիվ մասնակցություն ունի գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև իր ծանրակշիռ ներդրումն է բերում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանմանը:

Germaniayi or6 Germaniayi or2 Germaniayi or5

Գերմանիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից: Մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում` Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման համար բարենպաստ հիմք են հանդիսանում մեր երկու ժողովուրդների միջև դարավոր պատմամշակութային կապերը, ինչպես նաև Գերմանիայի բազմահազարանոց հայկական համայնքի գործոնը:

Germaniayi or1 Germaniayi or3

Ավելի քան երկու տասնամյակների միջպետական համագործակցության ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորվել և հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել Հայաստանի Ազգային ժողովի և Գերմանիայի Բունդեսթագի միջև: Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Գերմանիան Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ Եվրամիության երկրների մեջ` առաջինը: Հայաստանում ներկայում գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ ավելի քան ութ տասնյակ ձեռնարկություններ: Գործում է ֆինանսատեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, որը առանցքային դերակատարում ունի համագործակցության ծրագրերի ընտրության հարցում: Հատուկ ուզում եմ շեշտել նաև մեր երկու երկրների զինված ուժերի միջև սերտ համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման շրջանակներում Աֆղանստանում:

Հայ-գերմանական փոխշահավետ համագործակցության ցանկը կարելի է երկար շարունակել: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ մեր երկկողմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Լիահույս եմ, որ փոխադարձ ջանքերի ներդրմամբ մեզ ոչ միայն կհաջողվի պահպանել, այլ է’լ ավելի խթանել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` այդ հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու երկրների բարեկամության ամրապնդման:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ՝ Գերմանիային մաղթելով հետագա առաջընթաց, իսկ բարեկամ գերմանացի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս