«Եթե մարդը չարածի համար է պատասխան տալիս, դա ամենավտանգավորն ու ամենասարսափելին է». Ասում է Տիգրան Խաչատրյանի պաշտպանը
«Տիգրան Խաչատրյանը, ինչպես ասել էի, հիմա նորից կրկնում եմ, որևէ հանցանք չի կատարել, և, բարեբախտաբար, այսօր հասանք ցանկալի արդյունքի: Ես ուղղակի ուզում եմ հիմա նայել այն մարդկանց աչքերին, որոնք, չլինելով դեպքի վայրում, ոմանք՝ իրավապաշտպանի քողի տակ, ոմանք՝ չգիտեմ` ինչի քողի տակ, իրենց եղած ու չեղած ազգականների արևով երդում էին ուտում, թե իրենք տեսել են, թե ինչպես է Տիգրանը հարվածել և վնասել Հարություն Զաքարյանի աչքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Խաչատրյանն ազատ էր արձակվել: Գործով հսկողություն իրականացնող դատախազը բավարարել էր քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնել՝ դրա անհրաժեշտությունը վերանալու պատճառով:
Արմեն Մելքոնյանն ասաց, որ դեպքից անմիջապես հետո Հարություն Զաքարյանը բացատրություն է տվել, որտեղ նշել էր, որ վայր է ընկել. «Մյուսում ասել էր՝ մեքենան վերանորոգելուց եմ վնասել աչքս: Հետո ցուցմունքներ տվեց, որ՝ չէ, ծեծի արդյունքում հարվածել են աչքիս, բայց թե ով է հարվածել, ես չգիտեմ, չեմ տեսել: Եվ հանկարծ 3 ամիս հետո Հարություն Զաքարյանի հիշողությունը պայծառացավ, Հարություն Զաքարյանը հիշեց, որ իր աչքին հարվածել է Տիգրան Խաչատրյանը: Ի՞նչ եմ ուզում ասել: Հարություն Զաքարյանի անձի հանդեպ բացարձակապես ոչինչ չունեմ: Նաև գիտեք՝ որպես մարդ, հասկանում եմ, կորցրել է աչքի տեսողությունը (չգիտեմ՝ ժամանակավո՞ր է, թե՞… Տա Աստված, որ ժամանակավոր լինի, որ հետագայում վերականգնվի աչքի տեսողությունը), կարող է նաև այդ հոգեբանական վիճակում գտնվել, որ իր ներսում ինչ-որ մեկին փորձի մեղավոր համարել կամ բոլորին մեղավոր համարել, և, չգիտեմ՝ բաներ ասել:
Բայց այստեղ ավելի շատ պետք է իրենց բարձրության վրա գտնվեին և´ վարույթն իրականացնող մարմինները՝ քննիչը, դատախազը, նաև նրանց վերադասները, և´ նաև դատարանը: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ երկարացրեցին Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը, այս փաստերն արդեն իսկ հայտնի էին: Եվ մենք՝ պաշտպաններով, ուղղակի մեզ կոտորելով, ասում էինք՝ այս փաստերը կան, այս ցուցմունքները կան, այս պայմաններում, հարգելի դատարան, դուք բացարձակ գնում եք ապօրինության, բառիս ամենալայն իմաստով՝ գնում եք ապօրինության. ընդամենն ունենալով փսիխոպատ անձնավորության մի իրարամերժ ցուցմունք՝ դուք արդեն երկու ամսից ավելի 20 տարեկան տղային կալանքի տակ եք պահում: Բայց այդ պայմաններում, տեսեք, որ դատարանը կալանքի ժամկետ երկարացրեց: Ա՛յ, սա է սարսափելին, հավատացեք, ա՛յ, սա ամենավտանգավորն է: Ամենավտանգավորն այն է, որ մարդիկ, որոնք կոչված են իրավապաշտպան լինելու, բոլորի շահերն օրինական ներկայացնելու, արդար, ազնիվ ձևով իրերին իրենց գնահատականները, անունները տալու, հանկարծ ինչ-ինչ… բոլորը թափվում են՝ վա՜յ, Տիգրան Խաչատրյանը հանցագործ է: Բոլորն իրենց պարտքն էին համարում»:
Անդրադառնալով գործով մյուս տուժող Մուշեղ Զաքարյանի վնասվածքին՝ Արմեն Մելքոնյանն ասաց, որ միայն նրա քթի վնասվածքն է, որ միջին ծանրության է. «Մյուսները թեթև մարմնական վնասվածքներ են: Վարույթն իրականացնող մարմինն ի՞նչ է արել: Պարտադիր իր պարտքն է համարել, որ գործով անցնող բոլորի վրա ցուցմունք վերցնի, որ բոլորը հարվածել են Մուշեղի քթին՝ անխտիր: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մեկի քթին հարվածեն, բնազդով անգամ մարդը պիտի քիթը բռնի, չէ՞, որ պաշտպանի: Այսինքն՝ մյուս հարվածներն արդեն էլ չեն կարող…»,- ասաց Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ այսօր դեռ մարդիկ կան, որոնք կալանքի տակ են չարածի համար. «Ես կողմ եմ, որ ամեն մարդ իր արածի պատասխանը տա: Ամեն ոք, եթե խախտում է օրենքը, հանցանք է կատարում, պիտի պատասխան տա: Բայց եթե մարդը չարածի համար է պատասխան տալիս, դա ամենավտանգավորն ու ամենասարսափելին է»:
Նշենք, որ այն պահին, երբ զրուցում էինք Արմեն Մելքոնյանի հետ, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում դեռ չէր կայացվել: Փաստաբանը փոխանցեց, որ թեկուզ հենց այսօր ակնկալում է, որ կկայացվի այդ որոշումը:
Ըստ Դատախազության՝ «քննիչը հիմնավորել է, որ քրեական գործի քննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ իրենց համակցության մեջ՝ բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում չի հաստատվել Տիգրան Խաչատրյանի կողմից Հարություն Զաքարյանին դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքը, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, քանի որ Յուրի Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին և պատճառել ծանր մարմնական վնասվածք: Վերոգրյալը հաստատել են նաև Մանվել Մալինցյանը, Սուրիկ Բաղդասարյանը և Վլադիկ Ստեփանյանը: Հարություն Զաքարյանն էլ իր հերթին՝ Յուրի Մանուչարյանի հետ առերեսման ժամանակ ընդունել է այն փաստը, որ իրեն հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ Յուրի Մանուչարյանը»: