Ադրբեջանը ոչնչացնում է ՀԱՊԿ-ն. ինչո՞ւ է Ռուսաստանը խրախուսում դա
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «երեկ ժամը 22:30-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից»:
Ըստ ՊՆ-ի, տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի ու Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծից բավական ետ ընկած հատվածների հրետակոծություններից հետո ադրբեջանական կողմը կիրառում է նոր մարտավարություն՝ սահմանի խախտման փորձ Նախիջևանի ուղղությամբ, ուղղություն, որը, ինչպես նշել է ՊՆ-ն, ավանդաբար զերծ է եղել լարվածությունից, բացառությամբ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպի:
Ո՞ւմ և ի՞նչ է փորձում Ադրբեջանն այսպիսով հասկացնել, դժվար է ասել: Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ ադրբեջանական կողմի այս քայլը՝ գոնե քաղաքական իմաստով, ուղղված է ոչ միայն Հայաստանի սահմանի, այլև Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ: Վերջիններս պայմանագրային հստակ պարտավորություններ ունեն՝ ագրեսիայի դեպքում պաշտպանելու Հայաստանի անվտանգությունը, իսկ սահմանի խախտման փորձը ոչ այլ ինչ է, քան ագրեսիոն գործողություն: Մինչդեռ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն շարունակում են լռել՝ անգամ հայտարարության մակարդակով չդատապարտելով Ադրբեջանի գործողությունները: Այս գործողություններով Ադրբեջանն անուղղակիորեն ոչնչացնում է ՀԱՊԿ-ն՝ որպես, իբրև թե, անդամ երկրների անվտանգության ապահովման պարտավորություն ունեցող ռազմաքաղաքական կառույց, և ինչ-որ իմաստով՝ նաև Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի:
Ասել, որ այս գործողություններն իրականում ուղղված են Ռուսաստանի դեմ, և, ինչպես հայ ռուսասերներն են վերջին օրերին փորձում համոզել, իբրև թե ուղղորդվում են ԱՄՆ-ի կողմից, մեղմ ասած, սխալ կլինի: Քանի որ սրանք գործընթացների միայն երևացող մասն են, ավելի խորը՝ քաղաքական առումով, Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր համագործակցում և գործում են առավել համակարգված ու դաշնակցաբար, քան երբևէ:
Այնպես որ, ավելի ճիշտ կլինի հարցադրումը ձևակերպել փոքր-ինչ այլ կերպ. Ինչո՞ւ է Ռուսաստանը խրախուսում Ադրբեջանին, կամ գուցե դրդում անել քայլեր, որոնք վերջնականապես կապացուցեն, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն Հայաստանի առջև ստանձնած որևէ պարտավորություն չեն կատարելու: Գուցե այսպիսով Ադրբեջանի միջոցով Ռուսաստանն է Հայաստանին ինչ-որ բան հասկացնում: Գյումրիում գտնվող ռուսական զորքերի «ականջը կանչի»: