Բաժիններ՝

«Դուք «զաշկալիծ» եք արել գյուղատնտեսությունում». ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կրքերը թեժացել են

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի քննարկման ժամանակ վիճակագրության հավաստիությունը թեժացրեց կրքերը:

«Ժամանակը չէ՞ հարմարեցվող թվաբանությունից, նկարչությունից հրաժարվել ու ճշգրիտ վիճակագրություն ներկայացնել»,- հարցադրում արեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ դիմելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին: Նա հավելեց, որ ճշգրիտ չունենալով ՀՀ խոշոր 4-5 քաղաքների բնակչության թիվը, չի կարելի բիզնես միջավայրի մասին խոսել:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով քիչ ուշացումով էր եկել նիստին, նույնպես բողոքեց վիճակագության վարման ձևից, ինչը վրդովվեցրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին: Նա պահանջեց տեղից չխոսել և սպասել հերթի. «Քաղաքական մեծամասնությունը նրա համար է, որ պաշտպանի կառավարությանը: Եկած-չեկած շուտ սկսեցիք գոռգոռալ: Նիստը ղեկավարողը ես եմ՝ սխալմամբ, թյուրիմացաբար ոմանց համար, բարեբախտաբար՝ ոմանց համար: Թե չէ՝ եկար-չեկար՝ սկսեցիր գոռգոռալը: Օրենքի վերաբերյալ հարց ունե՞ս»:

«Հանգիստ նստի, մենք հարցերը կտանք»,- Բագրատյանը դիմեց Այվազյանին:

Կարդացեք նաև

«Պարոն Մնացականյանն ուզում է պատասխանել»,- իր հարցադրման պատասխանը փորձեց ստանալ Քոքոբելյանը, սակայն Այվազյանը դեռևս ձայն չտվեց ԱՎԾ պետին:

«Հանգիստ եղի, հեսա նենց հարցեր կտանք, պարոն Մնացականյանը բավարարված կմնա: Պետք է էնպես անես, որ թողնես էս նիստերը կայանան»,- հայտարարեց Հ.Բագրատյանը: «Ես վախեցած մարդ եմ, ինձ վախացնել պետք չի»,- հորդորեց Այվազյանը:

Ս.Մնացականյանը նշեց, որ տարբեր երկրների ծառայություններ ժողովրդագրական տարբեր վիճակագություն են վարում: Ըստ նրա՝ ՀՀ-ում սկզբնական տվյալների կորուստներ են լինում, օրինակ՝ հեռավոր գյուղերում մայրերը ոչ միշտ են երեխայի ծնունդը գրանցում:

Խ.Քոքոբելյանը նկատեց, որ ԱՎԾ-ն չի կարող նկարչություն չանել, քանի որ գործ ունի ՀԲ հետ: Նա խորհուրդ տվեց փակ նիստ անել. «Եթե ԱԺ պատգամավորները ի վիճակի չեն իմանալ այսօրվա բնակչության թիվը, բիզնես միջավայրի վերաբերյալ տվյալները, վա~յ էդ պատգամավորներին»:

Վերջապես հարց տալու հերթը հասավ Հ.Բագրատյանին: Նա հայտարարեց, որ վիճակագրությունը խայտառակ վիճակում է, և առաջին հիմնական հարցը ՀՆԱ աճն է: Ըստ նրա՝ այսօր ՀՆԱ աճը գտնվում է 1990 թ. 165%-ի վրա, Վրաստանն ունեցել է ավելի խորը անկում և այսօր ՀՆԱ-ն 1990թ-ի համեմատ 73% է, Ուկրաինան 64%-ի վրա է, Ադրբեջանը՝ 250% վրա: Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն 2 անգամ ավելի է 90-ականներից, բայց զիջում է Վրաստանին ու Ադրբեջանին: Հ.Բագրատյանի խոսքով՝ 1990թ-ին Վրաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 1800 դոլար էր, ՀՀ-ում՝ 600 դոլար. «3 անգամ շեղում կա և այս աճի տեմպերը արդարացնելու համար գնացել եք, ստիպված եք եղել բազան իջեցնել»:

Հ.Բագրատյանը ցանկացավ երկրորդ հարցից հետո՝ ինչպե՞ս է, որ աշխատավարձի աճի տեմպը ավելի բարձր է, քան ՀՆԱ աճը, երրորդ հարցը տալ, բայց Մնացականյանը խնդրեց թողնել, որ պատասխանի:

«Դուք գրանցեք, էլ չեմ թողնելու հարց տա: Էսի արդեն մտաք իմ բախչա, ժամանակի սահմանափակում ունենք»,- միջամտեց Վ.Այվազյանը:

Հ.Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախատեսված չէ գյուղատնտեսության տիեզերական նկարահանում, քանի որ թվերն ուռճացված են, գյուղապետերը իրար հետ մրցում են, իսկ ԱՎԾ-ն պասիվ դերում է: Նրա խոսքով՝ այսօրվա ցուցանիշներով ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սպառում է 250 կգ կարտոֆիլ և 150 կգ խաղող. «Դուք «զաշկալիծ» եք արել գյուղատնտեսությունում»:

Ս.Մնացականյանը փորձեց պատճառաբանել, թե 90-ականների անճշտությունները տեղեկատվական աղբյուրների բացակայության, կապերի խզման և տվյալներ ստանալու անհնարինության պատճառով է եղել, անցում էր կատարվում նոր համակարգերի և միայն 1996 թ. ամփոփվեցին ցուցանիշները: Գյուղոլորոտում, նրա խոսքով, հաշվառումները ունեն լուրջ խնդիր, օրինակ՝ ԵՄ-ում գյուղատնտեսություն չի համարվում մինչև մեկ հեկտար հող ունեցող ֆերմերների գործունեությունը, ԱՄՆ-ում 1 միլիոն ֆերմերների արտադրանք չի հաշվառվում, որովհետև հազար դոլարը չի գերազանցում, հաշվվում է ինքնասպառում. «Մեզ մոտ միայն 35%-ն է մոնետարացվում, մնացածը բարտերի և ինքնասպառման համար է»:

«Բայց դու էն ասա՝ մարդա 250 կգ կարտոֆիլ են ուտո՞ւմ նորածնից սկսած մինչև ծերերը: Ուտո՞ւմ են, թե՞ չեն ուտում»,- ընդդիմադիր գործընկերոջ հարցը պնդեց Վ.Այվազյանը:

«Օրենքին չվերաբերող հարց է,- փորձեց խուսափել Ս.Մնացականյանը՝ հավելելով, որ արտադրանքի 97%-ը պետք է ինքնասպառում գրանցեն ու կստացվի ՀՀ-ում գյուղատնտեսություն չկա,- Դրա համար համատարած հաշվառում իրականացրինք, որը կամփոփվի 2016 թ. դեկտեմբերին և ցուցանիշների ստացման աղբյուրը կփոփոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս