Բաժիններ՝

Մանրամասներ՝ անհետ կորած կապանցի Արա Խաչատրյանի գործի ընթացքի մասին

Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ալավերդյանին ուղղված 2014թ. հունիսի 18-ի գրությամբ 2011թ. հունիսի 3-ին անհետ կորած Արա Խաչատրյանի իրավահաջորդ Աննա Խաչատրյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը խնդրել էր՝ տրամադրել տեղեկատվություն դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել անհետ կորած Արա Խաչատրյանին և մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Պատասխան գրությամբ հայտնել էին, որ այդ ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Աննա Խաչատրյանի ներկայացուցչի կողմից 2014թ. օգոստոսի 27-ին ներկայացված միջնորդությունը՝ դեպքից մի քանի օր առաջ Արա Խաչատրյանի հոր գերեզմանի մոտ գտնվող տաղավարում տեղի ունեցած խոսակցության հանգամանքները պարզելու, ընկերոջը՝ Արման Դավթյանին և մոտակա բենզալցակայանի աշխատակցուհուն հարցաքննելու վերաբերյալ, բավարարվել էր Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ալավերդյանի կողմից:

Նույն դեպքի առնչությամբ 2015թ. մարտի 11-ին արված հերթական հարցմամբ տուժողի իրավահաջորդ Ա. Խաչատրյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը պահանջել էր տեղեկատվություն՝ Աննա Խաչատրյանի լրացուցիչ ցուցմունքում նշված տեղեկությունները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և Արա Խաչատրյանի բջջային հեռախոսի դատահամակարգչային փորձաքննության եզրակացության արդյունքների մասին: Պատասխան գրությամբ քննիչ Ա. Ալավերդյանը հայտնել էր, որ գործի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները նախկինում քննության առարկա դարձել են, իսկ բջջային հեռախոսի դատահամակարգչային փորձաքննության արդյունքներին կարելի ՝է ծանոթանալ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Անհետ կորած Արա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններն այդպես էլ որևէ դրական արդյունք չեն տվել: Նախաքննության ընթացքում փոխվել են 6 քննիչներ, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել, Արա Խաչատրյանը չի հայտնաբերվել, իսկ  ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: 2015թ. հուլիսի 27-ին Ա. Խաչատրյանի ներկայցուցիչ, ՀՔԱ վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը  ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Ա. Հովսեփյանին ուղղված գրությամբ միջնորդել էին ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից գործը ՀՀ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմին տեղափոխելու համար ՝ արդյունավետ և համակողմանի քննություն կատարելու նպատակով, սակայն միջնորդությունը վերստին մերժվել էր՝ համարելով, որ նպատակահարմար չէ: Գործի քննությունը շարունակվում է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս