
Ֆրանսիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հետամուտ լինել, որ այլևս ոչ մի դեպք տեղի չունենա հայ-ադրբեջանական սահմանին. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հետամուտ լինել, որ այլևս ոչ մի դեպք տեղի չունենա հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի կայքին:
Օլանդը պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին ագրեսիայի վերջին դեպքերի մասին Ֆրանսիայի ռեակցիային:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ինքը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելը, որն արդեն բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել պատերազմի ժամանակ ու դրանից հետո:
«Այդ պատճառով մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետևել այն բանին, որ այլևս ոչ մի դեպք չլինի սահմանին: Ու մենք ջանքեր ենք գործադրում, որ շարունակենք մեր միջնորդությունը: Դուք գիտեք, որ բոլորովին վերջերս ես այցելեցի Հայաստան, ինչպես նաև Ադրբեջան, որպեսզի ասեմ նույն բանն ու կոչ անեմ, որպեսզի մենք կարողանանք գտնել այդ հակամարտության համար հաստատուն որոշում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: