Կրեմլը հերքել է հաղորդագրությունն այն մասին, թե Մոսկվան խնդրել է հանդիպում կազմակերպել Օբամայի հետ
Սպիտակ տան հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի խնդրանքով, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Միանգամից նշեմ, որ Սպիտակ տան մամլո քարտուղար Էռնեստի հայտարարությունն այն մասին, որ իբր Ռուսաստանի նախագահն է որոնել այդ հանդիպումը, բազմիցս խնդրել է այն կազմակերպել, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա լրագրողներին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հանգում է նրան, որ «մենք չենք հրաժարվում առաջարկվող շփումներից»:
«Դա հաշվի առնելով՝ ամերիկացիները գիտեին, որ եթե Օբաման ցանկանա Նյու Յորքում աշխատանքային հանդիպում ունենալ ու խնդրի այն անցկացնել, ապա մենք դժվար թե դրանից հրաժարվենք»,- հավելել է նա:
Միաժամանակ, Ուշակովը հայտարարել է, որ սովորաբար նման հանդիպումների դետալները ենթակա չեն հրապարակման:
«Հանրությանը նման նախապատրաստությունների դետալները չեն հայտնում, սակայն եթե ամերիկյան կողմը որոշել է շարադրել իր վարկածը, որը խաթարված ձևով ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել դիվանագիտական խոհանոցում նախագահի շփման նախօրեին, ապա ես ստիպված կլինեմ պատմել այն մասին, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ ռուս-ամերիկյան գագաթաժողովը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ:
Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե հանդիպումը տեղի կունենա փոխադարձ պայմանավորվածության համաձայն: