Ով է Սևանա լիճը թանգարան դարձնելու գաղափարի հեղինակը
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է Սևանը ստորջրյա թանգարան դարձնելու գաղափար: Դրա հեղինակը «Արմ-Դայվինգ» հասարակական կազմակերպությունն է, որ մտադրվել է Սևանի հատակին ստորջրյա արձանախումբ տեղադրել: Անգամ հայտարարվում է, թե նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել բնապահպանների կողմից, իսկ առաջին արձանը, որը տեղ կգտնի Սևանի հատակին, կլինի անմոռուկի տեսքով:
168.am-ը բնապահպաններից հետաքրքրվեց, թե ո՞վ է հավանություն տվել այս նախագծին, այդ ե՞րբ են տեղի ունեցել հասարակական լսումներ, և այլն, սակայն՝ ապարդյուն: Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ Լևոն Գալստյանը, Սիլվա Ադամյանը, բնապահպան-լրագրող-ակտիվիստ Գալուստ Նանյանն ընդհանրապես տեղյակ չէին այս գաղափարի մասին, իսկ Սևանի հարցերով հանձնաժողովի անդամ, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ հեռուստատեսությամբ էր լսել այդ մասին և բացասական կարծիք ուներ:
Գաղափարից անտեղյակ էին նաև Գեղարքունիքի մարզպետարանում, ՀՀ մշակույթի նախարարությունում, իսկ Սևան ազգային պարկի ղեկավար Աշոտ Գնդոյանը չցանկացավ պատասխանել մեր հեռախոսազանգին:
Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը նույնպես տեղյակ չէր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պաշտոնական տեղեկություն չկա, և նման հարցով հանձնաժողովին չեն դիմել: Իսկ բուն գաղափարը նա անընդունելի համարեց:
«Չեմ կարծում, որ էդտեղ այնպիսի բաներ կան, որոնց համար պետք է Սևանը դատարկենք: Լճի հատակին արձան, իհարկե, ցանկալի չէ: Սևանում ձկնարդյունաբերությունն ենք զարգացնում, հատակի նստվածքները խառնելով՝ մենք կարող է ջրի որակը փոխենք, որը քաղցրահամ ջրի միակ աղբյուրն է ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի համար: Սևանում այսօր 38 մլրդ խմ ջուր կա, վաղը հասնելու է մինչև 60 մլրդ-ի: Սևանը նաև մեր ռազմավարական պաշարն է, մենք այդքան ջրամբար չունենք, տեղ էլ չունենք կառուցելու: Դա անհնարին բան է, լիճը պետք է անձեռմխելի մնա»,- հայտարարեց Յու. Ջավադյանը: