Թվային հեռուստահեռարձակումը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում

Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։ Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է:
Մեր հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին փորձը կատարվել է դեռևս 2006 թվականին, սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, սկիզբ դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։

Սակայն, այն ակտիվ սկսեց ծավալվել և մտավ իրականացման փուլ վերջին տարիներին, երբ որպես գլխադասային մարմին ամբողջական վերահսկողությունը տրվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ «Ծրագիրը, որն իրականացվեց ՀՀ-ում, ի սկզբանե խիստ հավակնոտ էր և իր սոցիալական և տեխնիկական լուծումների իմաստով։ Պարտադիր ցանկանում եմ նշել այն մարդկանց և պատկան մարմինների աշխատանքը, որոնք այս հավակնոտ և ծանր ծրագրի իրականացման համար որոշիչ և կարևոր դեր ունեցան: Այս ծրագրի մեջ մեծ էր հատկապես Տրանսպորտի և կապի նախարարության և նախարար Գագիկ Բեգլարյանի մասնակցությունը։ Նախարարության համար այս դժվար խնդրի լուծումը մի կողմից պատվի հարց էր, մյուս կողմից՝ շատ բարձր էր հասարակական արժեքի գնահատականը, թե՝ ի՞նչ ենք անում և ինչի՞ համար ենք անում:

Տարբեր առիթներով նախարար Գագիկ Բեգլարյանը հանդես է եկել փուլային խնդիրների շուրջ պարզաբանումներով։ Նախարարությունը մշտապես իր հանրային իրազեկման և հանրության հետ կապի կառույցներով մանրամասն անդրադարձ է արել գործընթացի բոլոր փուլերի մասին»։

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ «Էրիքսոն»» և «Ինթելսաթ» կազմակերպությունների հետ։

Գրիգոր Ամալյանը նշում է, որ կատարված աշխատանքները լիովին համապատասխանում են նախատեսված չափորոշիչներին: «Կարող ենք գոհունակությամբ ասել, որ ստեղծվել է թվային հեռարձակման մի ենթակառուցվածք, որը կարող է օրինակելի հանդիսանալ այլ երկրների համար»,- ասաց Գրիգոր Ամալյանը:

Կատարված աշխատանքի բարձր որակի մասին են բարձրաձայնել նաև «Էրիքսոն» և «Ինթելսաթ» ընկերությունները: Իրենց ոլորտում առաջատարը համարվող երկու կազմակերպություններն իրենց պաշտոնական կայքէջերում հանդես են եկել հայտարարությամբ՝ 2014 թվականին իրենց կողմից աշխարհում իրականացված բոլոր ծրագրերի մեջ Հայաստանում կատարված աշխատանքը մատնանշելով որպես ամենահաջողվածը և օրինակելին:

Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք:
Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների՝ թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։

ՀՀ կառավարությունը թվային հեռուստահեռարձակման հայեցակարգը հաստատելիս որդեգրել էր ծայրահեղ սոցիալական մոտեցում՝ անալոգային հեռարձակման փուլում երաշխավորելով գործող անալոգային հեռուստաընկերությունների անվճար հեռարձակումը նաև թվային հեռարձակման փուլում։ Սա նշանակում է, որ ներկայում գոյություն ունեցող բոլոր ալիքները ներառված են սոցիալական փաթեթի մեջ։

Թվայնացման դրական արդյունքներն ակնհայտ տեսանելի կլինեն մարզային բնակչության համար։ Հատկապես այն մարզերում, որտեղ դիտում են ընդամենը 2-5 հեռուստածրագիր՝ 9-ը հեռուստածրագրերի երաշխավորված հեռարձակումը մեծ առաջընթաց կլինի։
«Նախկինում մեր միջին ցուցանիշը մարզային բնակավայրերում կազմում էր 3, 4 հեռուստածրագիր, այժմ մարզերում հեռարձակվում է 9 հեռուստածրագիր: Դրանք մշտապես հեռարձակվելու են անվճար և հասանելի են լինելու մեր բոլոր քաղաքացիներին: Երևանի գոտում սոցիալական փաթեթում ներառվել է 18 հեռուստածրագիր, այսինքն՝ բոլոր այն երևանյան հեռուստածրագրերը, որոնք գործել են նաև անալոգային հեռարձակման փուլում: Սա ծայրահեղ եզակի սոցիալական մոտեցում է»,- ասաց ՀՀՌՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։

Խիստ սոցիալական մոտեցում է եղել նաև սոցիալապես անապահով քաղաքացիների համար։ Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը ազդանշանը կդարձնի թվային։ Սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով:

«Նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից նախորդ տարի հրավիրվեց ասուլիս և մասնավորապես անդրադարձ կատարվեց սոցիալական խնդրին։ Նախարարը հավաստեց մեր հանրությանը, որ սոցիալական բաղադրիչը պարտադիր ունենալու է իր լուծումը և անապահով քաղաքացիները չեն զրկվելու հեռուստատեսային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Եղան կասկածներ, շահարկումներ, քննարկումներ, բայց այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ տրված հավաստումներն իրականություն է դարձվել։ Արդեն իսկ հայտարարվել և ավարտին են հասցվել սոցիալական անապահով շերտերի համար անվճար կարգով տրամադրվելիք սարքերի ձեռքբերման մրցույթները։ Կարծում եմ՝ մինչև անալոգային հեռարձակման ավարտը, գործընթացը կունենա իր դրական լուծումը և այլևս կասկածների, քննարկումների, շահարկումների կարիք չպետք է ունենանք»,- նշեց ՀՀՌՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Թվային հեռուստահեռարձակման ներդրման հայեցակարգում նախատեսված է մարզային հեռուստաընկերության կարգավիճակ ունեցող հեռուստաընկերություններին ևս ներառել հանրային հեռարձակման ցանցի մեջ. յուրաքանչյուր մարզում հեռարձակվող ծրագրերի մեջ ներգրաված է նաև տվյալ մարզի մեկական մարզային հեռուստաընկերություն:

Այս պահին օրենսդրորեն դեռևս բաց է մարզերի առանձին բնակավայրերում նախկինում գործող հեռուստաընկերությունների գործունեությունը թվային հեռարձակման ձևաչափում: Սակայն Գ. Ամալյանի խոսքով՝ քննարկվում են տարբեր մոտեցումներ, և պահպանվել է սկզբունքային դիրքորոշում՝ այդ հեռուստաընկերություններին հնարավորություն տալ շարունակելու իրենց գործունեությունը. «Դա կլինի անալոգային ձևաչափով, թե ներառելով թվային հեռարձակման ցանցերում՝ դեռևս օրենսդիր մարմնի կողմից քննարկվող խնդիր է։ Ես կարծում եմ, որ այդ խնդրի վերջնական լուծումը մենք կունենանք օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո»:

Թվային հեռուստաազդանշանն, ի տարբերություն անալոգայինի, իր հասանելիության գոտիներում բացառապես նույն որակի կլինի։ Յուրաքանչյուր հեռուստադիտող իր էկրանին կտեսնի նույն որակական պատկերը և ձայնը։

«Վերգետնյա թվային հեռարձակմամբ մենք ապահովել ենք հանրապետության տարածքի ավելի քան 98,5 տոկոսը, բայց դրանով հանդերձ չենք բացառում, որ նույնիսկ Երևանում կարող է լինել շենք, շինություն, որ չունի տեսանելիություն հեռուստաաշտարակին: Նման շինությունների համար միանշանակ հասանելի է արբանյակային ազդանշանը»,- հավաստիացրեց Գ. Ամալյանը։

Միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանի տարածքում չի լինի մի անկյուն, որտեղ հասանելի չլինի թվային հեռարձակումը։ Գործող օրենսդրությամբ՝ անալոգային հեռուստահեռարձակման վերջնաժամկետը նախատեսված է 2016 թվականի հունվարի մեկը:

«Մենք հունվարի մեկին դադարեցնելու ենք անալոգային հեռարձակումը, եթե այլ իրավական ակտ կամ այլ իրավական մոտեցում մինչ այդ օրինականացված չլինի ՀՀ-ում: Կարծում եմ՝ քաղաքացիները սարքը ձեռք բերելու խնդրի լուծումը չպետք է թողնեն վերջին օրվան, որովհետև դա կարող է շուկայում առաջացնել ծանրաբեռնվածություն»,- ասաց ՀՀՌՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը։

Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացն իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցության և խիստ վերահսկողության ներքո։ Նախարարությունը փուլ առ փուլ ապահովել է ֆինանսական բոլոր հոսքերը, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Ուշադրության կենտրոնում են գտնվել գործընթացի 3 հիմնական՝ իրավական, տեխնիկական, սոցիալական բաղադրիչները։

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն իրականացնելու համար նախատեսված էր մոտ 7 մլրդ դրամ: Իրականացվել է նախատեսվածից ավելի աշխատանք առանց լրացուցիչ ֆինանսավորման: Ներդնելով եվրոպական լավագույն փորձը՝ այսօր արդեն թվային հեռուստահեռարձակման առավելությունները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերի հեռուստադիտողներին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս